Քաղաքապետը հանձնարարել է խստորեն վերահսկել համատիրությունների աշխատանքը
Քաղաքապետարան-վարչական շրջան-համատիրություն համատեղ ծրագրի շրջանակում մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են բազմաբնակարան բնակելի շենքերի հարթ և թեք տանիքների վերանորոգման աշխատանքները: Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ արդեն իսկ վերանորոգվել է 672 շենքերի հարթ տանիք, ինչպես նաև 719 շենքերի թեք տանիք: Զեկուցվել է նաև, որ աշխատանքները շարունակվում են: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է սեղմ ժամկետներում ավարտել նախատեսված բոլոր աշխատանքները՝ խիստ վերահսկողության տակ պահելով կատարվող աշխատանքի որակը:
«Իմ խորին համոզմամբ այս ուղղությամբ աշխատանքները պետք է վաղուց ավարտված լինեին, ինչը չի արվել թերևս այն պատճառով, որ գնման գործընթացում ավարտական ժամկետն այնքան էլ ճիշտ սահմանված չէ: Այս մասով հաջորդող տարիների համար սահմանեք առավել խելամիտ ժամկետ: Իսկ այս տարվա աշխատանքների հետ կապված ակնկալում եմ, որ կարճ ժամկետում ամբողջությամբ ավարտեք այն, ընդ որում խստորեն հետևելով, որ դրանք կատարվեն որակյալ: Ի վերջո պետք չէ մոռանալ, որ այս աշխատանքների իրականացումը նախ և առաջ համատիրությունների ուղղակի պարտավորությունն է, և Երևանի քաղաքապետարանը ամեն տարի, որպես բարի կամքի դրսևորում, օժանդակում է այդ աշխատանքների կատարմանը: Ըստ այդմ, վարչական շրջանների ղեկավարները պետք է խստորեն պահանջեն ու վերահսկեն համատիրությունների աշխատանքը, որպեսզի ամեն ինչ կատարվի սահմանված ժամկետում ու համապատասխան որակով: Ոչ մենք և ոչ էլ մեր բնակիչները պարտավոր չենք համակերպվել իրենց սահմանած աշխատաոճին: Խստորեն հետևեք, որ ըստ պատշաճի կատարեն իրենց պարտավորությունները»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Մայրաքաղաքի փողոցների և բակային տարածքների ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգման և ընթացիկ նորոգման աշխատանքների հետ կապված զեկուցվել է, որ վարչական շրջաններում աշխատանքները հիմնականում ավարտված են: Աշխատանքներն ավարտական փուլում են Դավթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ և Աջափնյակ վարչական շրջաններում: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է հատուկ հսկողություն իրականացնել և հետևել ասֆալտապատման աշխատանքների կատարման համար սահմանված ժամկետների և որակի պահպանմանը ևս: