Ո՞վ է Անիին սպանել. Մուշեղը հացադուլ է հայտարարել
«Յանուս» թատրոնի գեղարվեստական ղեկավար՝ Մուշեղ Մխիթարյանը 5-րդ օրն է հացադուլ է անում: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց Մուշեղ Մխիթարյանի փաստաբան Մարինե Ֆարմանյանը:
Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող Մուշեղ Մխիթարյանի դատահոգեբանական փորձաքննության արդյունքներն էլ դեռ չեն տրամադրել:
«Իմ պաշտպանյալը իր կալանքը օրինական չի համարում : Այո, հացադուլ է հայտարարել: Ես տեսակցել եմ նրան, պահանջն արդարությանը հասնելուն ուղղված ինչ-որ գործողություն կատարելն էր: Բայց ես հորդորել եմ չշարունակել իհարկե, որովհետև իմ կարծիքով դա հարցի լուծման ձև չի:
Մանավանդ Նուբարաշենում սանիտարահիգենիկ պայմանները վատն են ու կարող է առողջությանը անդառնալի վնաս պառճառել: Մտավախություն ունեմ, որ առողջությանը վնաս կպատճառի, հետևաբար հորդորել եմ չշարունակել, բայց ամեն դեպքում իրավունքն իրենն է:
Իսկ դատահոգեբանական փորձաքննության պատասխանները չկան, փորձաքննության մասին որոշումը կայացվել է, փորձաքննությունն անցկացվել է, եզրակացությունը մի փոքր ուշ են տրամադրում, դեռ չենք ծանոթացել, դեռ պատրաստ չի:».- նշեց Մարինե Ֆարմանյանը:
Ֆարմանյանը կարծում է, որ վաղը ինքը կկարողանա տեսակցել իր պաշտպանյալին և կհասկանա, թե ինչ իրավիճակի ականատես կդառնանք հաջորդիվ.«Հնարավորության դեպքում՝ առավոտյան վառ առանձնատեսակցություն կունենամ իմ պաշտպանյալի հետ, կամ վատագույն դեպքում ինֆորմացիա կփորձեմ ստանալ նրա վիճակից»,-ասաց պաշտպանը:
Հիշեցնենք, որ Մուշեղ Մխիթարյանը մեղադրվում է «6-րդ զգայարան» հաղորդաշարի էքստրասենս, 53-ամյա Անի Մաջնունյանի սպանության մեջ: Մուշեղ Մխիթարյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն` զուգորդված ավազակությամբ):