15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Միջազգային հանրության հայտարարությունները պետք է լինեն օբյեկտիվ և հասցեական. Շարմազանով

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 16-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում մասնակցել է Երկրորդ աշխարհամարտի ավարտի 70-ամյակին նվիրված միջազգային համաժողովին, որտեղ հանդես է եկել ելույթով՝ մասնավորապես նշելով.

«Հարգարժան հյուրեր,

Տիկնայք եւ պարոնայք,

Երկրորդ աշխարհամարտի ավարտից անցել է 70 տարի, որն իրավամբ համարվում է մարդկության պատմության ամենաարյունահեղ էջը: Պատերազմը, որը խլեց ավելի քան 50 միլիոն կյանք, եւ որին մասնակցեց 64 երկիր, մարդկությանը վիթխարի տառապանքներ պատճառեց, որոնք ի հայտ եկան նացիզմի եւ այլատյացության դրսեւորումների արդյունքում:

Կարծում ենք, որ Առաջին աշխարհամարտի բացասական դասերը հաշվի չառնելը հանգեցրեց Երկրորդ աշխարհամարտի բռնկմանը: Ակնհայտ է, որ նացիզմի եւ ֆաշիզմի առաջին դրսեւորումներն ի հայտ եկան ոչ թե Երկրորդ աշխարհամարտի ժամանակ, այլ Առաջին աշխարհամարտի տարիներին, երբ 1915 թվականին միլիոն ու կես հայ ոչնչացվեց Օսմանյան կայսրությունում: Հայոց ցեղասպանության ժխտումն էլ հենց ուղի հարթեց նացիզմի եւ ֆաշիզմի հետագա դրսեւորումների համար:

Չնայած նրան, որ Երկրորդ աշխարհամարտի ավարտից անցել է արդեն 70 տարի, մենք մինչ օրս զգում ենք ֆաշիզմի եւ ահաբեկչության դրսեւորումների սպառնալիքը: Ակամայից տպավորություն է ստեղծվում, որ մենք այդպես էլ չկարողացանք պատմությունից անհրաժեշտ դասեր քաղել. սրա վառ վկայությունը Մերձավոր Արեւելքում տիրող անմարդկային գազանություններն են:

Անկասկած, մենք բոլորս մտահոգ ենք Մերձավոր Արեւելքում ստեղծված իրադրությամբ, որն առաջացել է «Իսլամական պետության» ահաբեկիչների գործողությունների արդյունքում: Մենք իրավունք չունենք անմասն մնալ այս ամենից եւ պետք է կոշտ արձագանքենք մոլորակի բոլոր կետերում բռնության, նացիզմի եւ ահաբեկչության բոլոր դրսեւորումներին: Մենք դատապարտում ենք ահաբեկչական գործողությունների ցանկացած տեսակ, այդ թվում Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում վերջերս տեղի ունեցած ահաբեկչությունը: Խավարի, բարբարոսության եւ ատելության դեմ պայքարում չեն լինում մեծ կամ փոքր պետություններ:

Ցավոք, մենք ականատեսն ենք նմանօրինակ բացասական երեւույթների նաեւ մեր տարածաշրջանում: Չնայած նրան, որ Հայաստանը ջանք չի խնայում Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության ապահովման համար, տարածաշրջանում մինչ օրս կան երկրներ, որոնց գործողությունները միտված են ոչ թե խաղաղության հաստատմանը, այլ հակասում են միջազգային իրավունքի նորմերին:

Սեպտեմբերին այս քաղաքականության հետեւանքով զոհվեցին խաղաղ բնակիչներ: Այդ գործողությունները հակասում են Մոսկվայում անցյալ տարվա դեկտեմբերին ստորագրված ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հայտարարությանը:

Ամփոփելով խոսքս՝ կցանկանայի նշել, որ մեզ այսօր դեռ հարկավոր են հավելյալ հավաքական ջանքեր խաղաղության պահպանման եւ ամրապնդման, ինչպես նաեւ միջազգային անվտանգության ապահովման համար: Նացիզմի եւ ֆաշիզմի բոլոր դրսեւորումների դեմ պայքարի միջոցով միայն մենք կկարողանանք հարգել Երկրորդ աշխարհամարտի զոհերի հիշատակը:

Առաջադեմ մարդկությունը, եւ մասնավորապես ՀԱՊԿ եւ ԱՊՀ անդամ պետությունների խորհրդարանականները պետք է իրենց վճռական «ոչ»-ն ասեն ֆաշիզմի, ծայրահեղականության եւ նացիզմի բոլոր դրսեւորումներին, իսկ միջազգային հանրության եւ միջազգային կազմակերպությունների կողմից հնչեցվող դատապարտող հայտարարություններն այս առնչությամբ պետք է լինեն օբյեկտիվ, եւ, որ ամենակարեւորն է, հասցեական: Դրանք պետք է չբխեն առանձին երկրների քաղաքական, տնտեսական եւ այլ շահերից: Ֆաշիզմի եւ նացիզմի բոլոր դրսեւորումների դեմ պայքարում մենք պետք է հանդես գանք միասնական: Այլ ուղի չկա»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ