Ջրի խնդիր կա, կանայք ու երեխաներ կան. Վերին Լարսում ավտոբուսները արգելափակվել են

Վերին Լարսի ռուսական անցակետում 8 ժամից ավելի է, ինչ ուղևորատար ավտոբուսները արգելափակվել են։
Henaran.am-ի թղթակիցը կապ հաստատեց ավտոբուսի վարորդների հետ՝ փորձելով պարզել, թե ինչու թույլ չեն տալիս մեքենաներին առաջ շարժվել:
«Մեր ղեկավարները կոնյակ են սիրում, պետք է կոնյակ տանք, որ թույլատրեն շարժվել»,-կատակեց մեր զրուցակիցը:
Վարորդի փոխանցմամբ՝ հստակ տեղեկություն չկա, թե ինչու չեն թույլատրում ավտոբուսներին գշարժվել. «Բեռնատարներին թույլ են տալիս, իսկ մարդատար ավտոբուսներին չեն թույլատրում։ Այստեղ արդեն ջրի խնդիր կա, կանայք և ծերեր կան, որոնց ինքնազգացողությունը վատ է, սակայն որևէ բան չեն պարզաբանում»:
Ծանր վիճակի մեջ հայտնված ուղևորները՝ չգիտեն ինչ անել: Թե ինչքան ժամանակ կանգնած կմնան ավտոբուսները դեռ պարզ չէ, սակայն ուղևորները այն կապում են հայ-ռուսական հարաբերությունների և մեր իշխանության տարած սխալ քաղաքականության հետ: