Մթերման խնդիրը միայն գյուղատնտեսության նախարարության խնդիրը չի
«Մենք ամեն տարի կանգնում ենք նույն խնդիրների առաջ, բայց մեզ համար դաս չի դառնում, ստացվում է, որ երկրի հնայի բալանսը դառնում է գյուղատնտեսությունը: Բայց մենք չենք կազմակերպում գյուղատնտեսական աշխատանքները համապարփակ»,-այսօր ` հոկտեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը:
Պատգամավորը նշեց, որ մթերման հետ կապված խնդիրները հանրապետությունում չեն կարող լինել միայն գյուղատնտեսության նախարարության հիմնախնդիրը.«Ոնց տեսնում ենք էկոնոմիկայի նախարարությունը ոչ մի բան չի անում: Բա մարզպետարանները, հետո քույր քաղաքներ կան, դեսպանները ուր են, ինչ է միայն գնան՝ ուտեն- խմեն գան»,-դժգոհեց պատգամավորը:
«Այն գյուղերում, որտեղ գյուղապետերը հոր պես են՝ նման խնդիրներ չեղավ, ուղղակի հարկավոր է սրտացավ լինել»,-նշեց Լյովա Խաչատրյանը փաստելով.« Մոտ 154 հազար տոննա խաղող է մթերվել Հայաստանում , որի մեծ մասը Ծառուկյանն է մթերել: Պահանջարկից ավելի խաղող է մթերվել: Գինն է մի քիչ ցածր, սկսած 70 դրամից, բայց աշխատանքներ արվել են»:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն էլ նկատեց.«Խնդիրները երկու տեսակի են՝ իրավիճակային և արմատական:Բերքը լավը լինի, թե վատը լինի խնդիրներ լինելու են»:
«Պետք է խոստովանել, որ եթե չլիներ կառավարության միջամտությունը խնդիրները ավելի շատ կլինեին: Պետք է հասկանալ, որ գինու գործարանները նույնպես մեծ խնդիրներ ունեն»,- նշեց Ալեքսանյանը խոսելով դրամի շրջանառության և վարկային քաղաքականության խնդիրների մասին:
Պատգամավորը առաջարկում է ԱԺ-ում ընդունել օրենք՝ գյուղատնտեսության խնդիրները լուծելու նպատակով.«Քանի որ եթե մշակեն հայեցակարգը, ոչ ֆինանսական պահով, այլ կազմակերպչական հարցերով հնարավոր է խնդրին լուծում տալ: Հարկավոր է ուշադրություն դարձնել նաև ֆերմերային տնտեսությանը: Հարկավոր է ուշադրություն դարձնել, որ փոքր ֆերմերային տնտեսությունները սպասարկեն փոքր քաղաքներին»,-հավաստեց պատգամավորը: