15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ճակատը որոշել է Երևանում հանրահավաքներ անել

Նորաստեղծ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը տարածել է առաջին մամուլի հաղորդագրությունը: Հիշեցնենք, որ այսօր ճակատի խորհրդի կազմը ասուլիսով հանդես էր եկել և խոսել նպատակների մասին:

Տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է.

«Հաշվի առնելով, որ սահմանադրական կարգի տապալման, ժողովրդի իշխանության յուրացման, համակարգային կոռուպցիայի և պետության ինքնիշխանությունից հրաժարվելու գործողությունների պատճառով Հայաստանի Հանրապետությունը հայտնվել է հետզհետե խորացող համակարգային ճգնաժամի մեջ,

նկատի ունենալով, որ այս գործողությունների պատասխանատուն՝ կառավարող վարչախմբի հիմքը կազմող և հանցավոր համագործակցության վերածված Հայաստանի հանրապետական կուսակցությունը, սկսել է սահմանադրական փոփոխությունների միջոցով միակուսակցական կառավարման համակարգ հաստատելու և իր իշխանությունը հավերժացնելու արտահերթ գործընթաց, որը ձգտում է ամրագրել 2015 թ. դեկտեմբերի 6-ին նշանակված հանրաքվեով,

արձանագրելով, որ նման հեռանկարը կտրուկ կերպով կսրի երկրի առջև ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերները և կարճ ժամանակի ընթացքում կառաջացնի ֆինանսատնտեսական համակարգի փլուզում, ինչպես նաև ճակատագրական բնույթի ռազմաքաղաքական սպառնալիքներ,

փաստելով, որ նման իրավիճակում ժողովրդի կամքի արտահայտումը հնարավոր է բացառապես գործող վարչախմբի վերահսկողությունից դուրս, ուստի Հայաստանում կամաարտահայտման իրական և լեգիտիմ ձև կարող է լինել ոչ թե վարչախմբի կազմակերպած հանրաքվեն, այլ փողոց դուրս եկած և մոբիլիզացված ժողովրդի քաղաքացիական անհնազանդությունը,

նպատակ ունենալով ազատ և արդար արտահերթ ընտրություններով երկրում սահմանադրականության հաստատման, այդ թվում՝ ժողովրդի իշխանության և պետության ինքնիշխանության վերականգնման, մարդու հիմնական իրավունքների ու ազատությունների երաշխավորման, ազատ տնտեսական մրցակցության ապահովման և անկախ դատարանի կայացման միջոցով նախադրյալներ ձևավորել աղետալի մարտահրավերներ առաջացրած համակարգային ճգնաժամի հաղթահարման և մարդու արժանապատիվ կյանքի պայմանների ստեղծման համար,

նախատեսում է մոբիլիզացնել ժողովրդին, քաղաքացիական անհնազանդության գործողություններով հեռացնել Սերժ Սարգսյանին ու նրա գլխավորած վարչախումբը, կասեցնել նոր սահմանադրության ընդունման գործընթացը և ձևավորել ժողովրդի վստահության անցումային կառավարություն»:

Վերոշարադրյալից ելնելով՝ ճակատը հայտարարել է, որ ձևավորել է որոշումների կայացման մարմին՝ Քաղաքական խորհուրդ և այդ որոշումների իրագործման մարմին՝ Ընդդիմության միասնական շտաբ: Ինչպես նաև հայտարարել են, որ ճակատի սահմանած նպատակների իրագործման ակտիվ գործողությունների փուլը կմեկնարկի Երևանում անցկացվելիք համապետական հանրահավաքով:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ