Հայաստանի արտգործնախարարի և Քվեբեկի Միջազգային զարգացման և Ֆրանկոֆոնիայի հարցերով նախարարի հանդիպումը
Հոկտեմբերի 10-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Քվեբեկի Միջազգային զարգացման և Ֆրանկոֆոնիայի հարցերով նախարար Քրիստին Սան Պիեռին:
Ողջունելով հյուրին` Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ ուրախ է Երևանում ողջունել Քվեբեկի բարձրաստիճան պատվիրակությանը և գոհունակությամբ ընդգծեց, որ Քվեբեկը ակտիվորեն մասնակցում է Ֆրանկոֆոնիայի տարբեր կառույցների աշխատանքներում։ Նախարարը ջերմությամբ վերհիշեց, որ 7 տարի առաջ՝ 2008թ. հոկտեմբերի 18-ին, հենց Քվեբեկում տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 24-րդ գագաթաժողովի ընթացքում Հայաստանին ասոցացված անդամի կարգավիճակ շնորհելու մասին որոշում ընդունվեց:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Քրիստին Սան Պիեռը բարձր գնահատեց այն ակտիվությունն ու նախաձեռնողականությունը, որը ցուցաբերել է Հայաստանը Քվեբեկի գագաթաժողովից մինչ օրս, և կարճ ժամակահատվածում դառնալով Կազմակերպության լիիրավ անդամ, այսօր հյուրընկալել է այդքան կարևոր և պատասխանատու միջոցառում՝ արտգործնախարարների համաժողովը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Ֆրանկոֆոնիայի արտգործնախարարների հանդիպման օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Նախարար Սան Պիեռը բարձր գնահատեց հայ համայնքի դերակատարումը Քվեբեկի քաղաքական, հասարակական, մշակութային և տնտեսական կյանքում։
Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Քվեբեկի սկզբունքային դիրքորոշման համար։ Քրիստին Սան Պիեռը ներկայացրեց Կանադայում և Քվեբեկում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված միջոցառումները։