Երբ պետք է ծննդաբերել նպաստից օգտվելու համար. Հրապարակ
Չաշխատող մայրերին վճարվելիք մայրության նպաստների մասին կառավարությունը խոսում է արդեն երկու տարի։ Վերջապես գալիս է այն ժամանակը՝ 2016 թվականի հունվարի 1-ը, երբ «Պետական նպաստների մասին» փոփոխված օրենքն ուժի մեջ կմտնի, և չաշխատող մայրերը ևս հղիության և ծննդաբերության նպաստներ կստանան պետությունից:
Օրենքի հեղինակներն այնպես են գրել դրա տեքստը, որ պետական այս մեծահոգությունից հնարավորինս քիչ մայրեր օգտվեն։ «Չաշխատող մայրը նպաստ ստանալու իրավունք ունի, եթե նրա հղիության և ծննդաբերության արձակուրդի սկիզբը հունվարի 1-ն է կամ դրանից հետո։ Այդ ամսաթիվը պետք է նշված լինի ժամանակավոր անաշխատունակության թերթիկում»,- ասում է Անահիտ Գալստյանը։ Սա նշանակում է, որ, օրինակ, հունվարի 1-ին ծննդաբերող մայրը կամ նա, ով մի տասն օր առաջ է ծննդաբերել, կամ նա, ում երեխան, ասենք, որ կամ 2 ամսական է, և ծննդաբերությունից հետո դեռ 70 օր չի անցել, չի կարող նպաստ ստանալ։ Փաստորեն, նա շուտ է ծննդաբերել։
Այ, եթե մի քանի օր սպասեր, կստանար իր ողորմելի 27 հազարը և բախտավոր հղի կլիներ։ Արդյոք սա արդար է այն մայրերի նկատմամբ, որոնց նպաստառության օրենքով սահմանված ժամկետը՝ 40 օրը, դեռ չի անցել, բայց որոնք, փաստորեն, զրկվում են նպաստից, նրանց վրա օրենքը չի տարածվում։ Անահիտ Գալստյանը կարծում է, որ չի կարելի խոսել օրենքի արդարության մասին, և ցնցող համեմատություն է անում եղիների և անկարգապահ քաղաքացիների միջև։
«Դա նույնն է, եթե, օրինակ, կարմիր լույսի տակ փողոցն անցնելու համար 15 հազար տուգանքը հունվարի մեկից դառնա 5 հազար, Ել դուք, խախտում կատարելով դեկտեմբերին, պահանջեք, որ ձեզնից ոչ թե 15 հազար, այլ 5 հազար վերցնեն»։ Ավելի ազնիվ կլիներ ուղղակի խոստովանել, որ «Նպաստների մասին» օրենքը փոփոխելով, կառավարությունն ավելի շատ մտահոգ է ոչ թե արդարության, այլ չաշխատող մայրերի հաշվին բյուջեի միջոցները տնտեսելու մասին:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում