Որդան կարմիրի պահպանմանն ուղղված էկոդասընթացներ` դպրոցներում
«Որդան կարմիր» պետական արգելավայրի մոտակայքում գտնվող` Արմավիրի մարզի հինգ համայնքների հանրակրթական դպրոցներում երեկվանից մեկնարկել են որդանի պահպանությանն ուղղված էկոդասընթացները:
Ծրագրի հեղինակ եւ դասընթացավար Գալուստ Նանյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ դասընթացների առաջին փուլում ընտրվել են «Որդան կարմիր» պետական արգելավայրի վրա ազդեցություն ունեցող համայնքներից հինգը` Արմավիրի մարզի Ջրառատի, Արազափի, Եղեգնուտի, Երասխահունի եւ Արգավանդի դպրոցները, որտեղ բարձր դասարանցիների համար կազմակերպվում են բնապահպանական դասընթացներ «Որդան կարմիր» պետական արգելավայրի եւ նույն տարածքում բազմացող որդանի պահպանության նպատակով:
«Դասընթացներն իրականացվում են ակտիվ ուսուցման մեթոդներով, որպեսզի ներկայացված նյութն աշակերտների կողմից յուրացվի հենց դասի ընթացքում»,- ասաց Նանյանը եւ ավելացրեց, որ դասընթացները տեսական փուլից հետո կշարունակվեն գործնական ձեւաչափով:
Մինչ դասընթացների մեկնարկը ծրագրի հեղինակը նախ ցանկացել է հասկանալ, թե դասընթացի հավանական մասնակիցներն ինչ գիտեն եւ ինչ պատկերացում ունեն շրջակա միջավայրի պահպանության եւ, առհասարակ, պահպանվող տարածքների մասին` դպրոցների աշակերտներին բաժանել է հարցաթերթիկ:
Ջրառատի եւ Երասխահունի միջնակարգ դպրոցներում արդեն անցկացվել է վերը նշված ծրագիրը: Մասնակիցներին ներկայացվել են Արմավիրի մարզի էկոլոգիական խնդիրները, լուծումներ են առաջարկվել, թե ինչպես պաշտպանել եւ մաքուր պահել շրջակա միջավայրը: Իսկ Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին ծանոթանալուց հետո առանձնահատուկ ուշադրություն է սեւեռվել «Որդան կարմիր» պետական արգելավայրի խնդիրներին եւ պահպանման միջոցառումներին:
Ջրառատում երեխաները բարձրացրել են գոմաղբի ոչ ճիշտ կառավարման եւ գյուղամիջյան կենտրոնական փողոցի ոչ բարվոք վիճակի հարցերը եւ պնդել, որ դա մեծ վնաս է բերում գյուղին եւ մարդկանց առողջությանը: Նաեւ առանձնահատուկ ուշադրության են արժանացել պոլիէթիլենային տարաների խնդիրները:
«Երասխահունում դասընթացի մասնակիցներն իրենց մտահոգությունը հայտնեցին, որ գյուղում ավելացել է ավազահանքերի շահագործումը, դա մեծ վնաս է հասցնում շրջակա միջավայրին: Առաջ քաշեցին նաեւ աղբի խնդիրը»,- նշեց Գ. Նանյանը:
Մեր զրուցակիցը նաեւ հայտնեց, որ դասընթացի ընթացքում անդրադարձ է կատարվում Արմավիրի մարզի էկոլոգիական խնդիրներին եւ մասնակիցների հետ ինտերակտիվ քննարկումների ընթացքում երեխաները տալիս են խնդիրների լուծման` իրենց բանալիները:
«Դասընթացների ավարտից հետո ինտերակտիվ հարցուպատասխանի միջոցով դասընթացավարը յուրաքանչյուր դպրոցից կընտրի առնվազն 5 աշակերտ, որպեսզի հետագայում սկսվի գործնական աշխատանքների փուլը` այցելություն «Որդան կարմիր» արգելավայր` տեղում ծանոթանալու արգելավայրի ռեժիմին եւ այնտեղ պահպանվող բուսական ու կենդանական աշխարհին: Իսկ լավագույն մասնակիցները արդեն կայցելեն Բնության պետական թանգարան, Կենդանաբանության թանգարան եւ Երկրաբանության պետական թանգարան, ինչպես նաեւ կլինեն նախապես ընտրված` բնության պահպանվող տարածքներից մեկում»,- հայտնեց ծրագրի ղեկավար, ագրոէկոլոգ-փորձագետ Գալուստ Նանյանը եւ հավելեց, որ դասընթացներ կանցկացվեն նաև Արմավիրի մարզի Արգավանդ, Եղեգնուտ եւ Արազափ համայնքներում: