Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը
«Ժառանգություն» կուսակցության մամլո ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում ներկայացված է կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի դիրքորոշումը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ.
«Այսօր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, 2013թ. նախագահական ընտրություններում փաստացի եւ՝ իրավամբ նախագահ ընտրված Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը պաշտոնական իր ձայնն ավելացրեց չընտրված թեկնածուի առաջարկած նոր Սահմանադրության դեմ արտահայտվող միլիոնավոր հայաստանցիների եւ հայերի համաժողովրդական վերաբերմունքին:
Դատապարտելով մեր ժողովրդին եւ նրա արժանապատվությանն ուղղված` Մայր օրենքի այս մարտնչող հեգնանքն ու կամայականությունը, ինչպես նաեւ հավատ տածելով «Միացյալ օրակարգ-միացյալ հրապարակ» հրամայական բանաձեւի հանդեպ, Հովհաննիսյանն իր հիմնադրած բոլոր հանրակարգերի միջոցները դրեց ազատ, ինքնիշխան եւ սահմանադրական Հայաստանի կերտմանը նվիրված ուժերի, առաջին հերթին` «Նոր Հայաստան» փրկության ճակատի, ապա եւ «Չեք անցկացնի» երիտասարդական նախաձեռնության տրամադրության տակ:
«Միմիայն միավորված ուժերով եւ անշահախնդիր, հետեւողական պայքարով կարելի է ըստ էության մերժել Հայաստանի Հանրապետության դեմ գուբերնիա-կուսակցապետություն սարքելու սույն ապօրինի, ինքնահավան եւ փակ-բաժնետիրական բնույթի ձեռնարկը: Դեկտեմբերի 6-ը պետք է դառնա Նոր Հայաստանի կերտման վճռորոշ հանգրվան», – ասաց Հովհաննիսյանը:
Րաֆֆի Հովհաննիսյանը նաեւ թողեց հետգրություն. «Վարդան ջան ( նկատի ունի Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանին-խմբ.), մասնագիտական տեքստը հրաշալի կարող է լինել, բայց խիստ ցավոք, քաղաքական նպատակը ստոր է ու իշխանապաշտ եւ ոչ ամենեւին՝ քո բարձր պարկեշտությանը հարիր: Կներեք»:
Հիշեցնենք, հոկտեմբերի 8-ին Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել՝ սահմաանդրական հանրաքվե նշանակելով դեկտեմբերի 6-ին: Հիշեցնենք, Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգություն» խմբակցությունից միայն Զարուհի Փոստանջյանն է դեմ քվեարկել Սահմանադրության փոփոխությունների նախագծին: Խմբակցության պատգամավորներ Ալեքսանդր Արզումանյանը, Թեւան Պողոսյանը, խմբակցության նախկին ղեկավար Ռուբիկ Հակոբյանը կողմ են քվեարկել: