Բանակռիվ ԱԺ-ում` «էշ-էշ դուրս տալու» շուրջ
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, խոսելով Հանրային հեռուստառադիոընկերության տարեկան ծրագրի հաշվետվության մասին, դիմելով Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանին, նշեց, որ օրինակ ռուսական «Первый канал» Հ/Ը-ում որևէ հարցի շուրջ հեղինակավոր մարդիկ քննարկումներ են անցկացնում, ապա առաջարկեց, որ նման քննարկումներ լինեն նաև Հ1-ում: Այդ ընթացքում պատգամավոր Ալիկ Արզումանյանը տեղից բղավեց՝ «Մի հատ էլ Կիսելյով բերեք Հայաստան, որ էշ-էշ դուրս տա»: Մելքումյանն ընդհատեց հարցը և բարկացավ՝ ասելով.
«Պարոն Արզումանյան, մի ոգևորվեք և Ձեզ կոռեկտ պահեք: Սրանից հետո չոգևորվեք»: Այնուհետև Արզումանյան և Մելքումյանը առանց բարձրախոսի սկսեցին իրար հակադարձել, մինչև որ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հորդորեց պատգամավորներին հարգալից լինել:
«131 պատգամավոր ենք, յուրաքանչյուր պատգամավորին կարող է դուր չգալ մեկ այլ պատգամավորի կարծիք, բայց դա իրավունք չի տալիս, որ տեղից ռեպլիկ հնչեցնենք: Ես չեմ կարծում, որ ձեր յուրաքանչյուր միտք Արզումանյանի դուրը կգա, բայց չափահաս մարդիկ ենք, չի սազում մեզ»,- ասաց Շարմազանովը: