Փաստաբաններն ասում են` «ոչ»
«Հանրությանն առաջարկվել է նոր Սահմանադրություն, այլ ոչ թե Սահամանդրության բարեփոխումների նախագիծ, իսկ Նախագահի որոշմամբ խոսք չի գնացել սահմանադրական բարեփոխման մասին, այստեղ հանձնաժողովը առաջարկել է նոր Սահմանադրություն։ Ինչպես երևում է որոշ հոդվածներից, խոսքը, միանշանակ, նոր Սահմանադրության մասին է։»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Սահմանադրական բարեփոխումների նոր նախագիծը քննարկող իրավաբանների խորհուրդը։
Փաստաբանների գնահատմամբ, ակնհայտ է, որ Սահմանադրական փոփոխությունների փաթեթը միտված է Հայաստանը միակուսակցական դարձնելուն։
«Միակուսակցությունը երկիրը կարող է հանգեցնել կործանման, քանի որ կառավարման համակարգը կախված է առանձին անձերից: Ինչ վերաբերում է մարդու իրավունքների գլխին, ապա դրանում չկա մի հոդված, որն ավելի լավն է, քան գործող Սահմանադրության նույն հոդվածը»,- նշեց փաստաբան Գյոզալյանը։ Փաստաբան Երվանդ Վարոսյանն էլ ասաց, որ խումբը միանշանակ ներկայացվող նախագծին ոչ է ասում։
«Սահմանադրական նոր նախագիծը իրավական դաշտի համար լուրջ ցնցում է, նույնիսկ հիմա օրենքները լիարժեք չեն, այդ դեպքում մեկ անգամ ևս ցնցել իրավական դաշտը անիմաստ է։ Ակնհայտ է դառնում, որ սահմանադրական փոփոխություններով դատական համակարգը փոխանցվում է մեկ կուսակցության: Թե որ կուսակցությանը, բոլորս գիտենք: Իսկ իշխանության կենտրոնացումը մեկ կուսակցության ձեռքում ոչ թե ուղղակի հետընթաց է, այլ կոլապս»,- նկատեց իրավաբանը՝ հավելելով, որ իրենց ասելիքն ու զգուշացումներն ուղղված են հանրությանը, ով գնալու է քվեարկության:
Փաստաբան Լուսինե Սահակյանի խոսքով` իրենք այդպես էլ չեն հասկացել թե ինչն են բարեփոխել. «Մարդու իրավունքների գլխում լուրջ հետընթացն ակնհայտ է, քանի որ դրանում չկա որևէ կետ, որով անձի իրավունքներն ավելի առաջնային լինեն, քան գործող Սահմանադրությունում է»: