15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մեկնարկել է «Խաղաղապահ գործողություններին մարտահրավերների միջազգային ֆորումի» ամենամյա համաժողովը

Հոկտեմբերի 5-ին Երևանում, ՀՀ Կառավարության ընդունելությունների տանը մեկնարկել է «Խաղաղապահ գործողություններին մարտահրավերների միջազգային ֆորումի» ամենամյա համաժողովը՝ ««Հաստատութենաշինություն և կարողությունների զարգացում հանուն խաղաղության». ՄԱԿ-ի Փորձագիտական խմբի առաջարկությունների ազդեցությունը ապագա առաքելությունների վրա» խորագրով, որի համակազմակերպիչն է ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը: Համաժողովը կընթանա հոկտեմբերի 5-6-ը:

Համաժողովը խաղաղապահության հիմնախնդիրներին նվիրված առաջին միջազգային փորձագիտական քննարկումն է՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի և ՄԱԿ-ի՝ խաղաղապահությանը նվիրված գագաթնաժողովի անցկացումից հետո: Համաժողովը քննարկելու է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի Խաղաղապահության հարցերով բարձր մակարդակի անկախ փորձագիտական խմբի զեկույցում բերված առաջարկությունների իրականացման ուղիները:

«Խաղաղապահական գործողություններին մարտահրավերների միջազգային ֆորումը» խաղաղապահության բնագավառում միջազգային ամենահեղինակավոր կազմակերպությունն է, որին անդամակցում է 22 պետություն, այդ թվում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական 5 անդամները: Հայաստանի Հանրապետությունը՝ հանձին ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի, «Խաղաղապահական գործողություններին մարտահրավերների միջազգային ֆորումին» անդամակցել է 2014 թվականին: Հաշվի առնելով խաղաղապահական գործողությունների բնագավառում Հայաստանի Հանրապետության ձեռք բերած զգալի փորձը, ինչպես նաև 2014 թ. հուլիսին ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի, ՀԱՊԿ-ի քարտուղարության և ՀԱՊԿ-ի Միացյալ շտաբի կողմից կազմակերպված «ՄԱԿ-ի սկզբունքների և ստանդարտների հիման վրա ազգային և տարածաշրջանային խաղաղարարական ներուժերի ինտեգրումը խաղաղ օպերացիաների համընդհանուր համակարգում» թեմայով միջազգային ռազմավարական քաղաքական ֆորումի հաջող անցկացումը՝ «Խաղաղապահական գործողություններին մարտահրավերների միջազգային ֆորումը» որոշում ընդունեց 2015թ. տարեկան համաժողովն անցկացնել Հայաստանում:

Տվյալ համաժողովը Հայաստանում անցկացնելու կարևորությունը շեշտել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը 2015 թ. սեպտեմբերի 29-ին Նյու Յորքում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ կայացած հանդիպման ժամանակ:

Համաժողովի անցկացումը հատկապես կարևորվում է վերջին շրջանում միջազգային հարաբերություններում նկատվող լարվածության և տարբեր տարածաշրջաններում, մասնավորապես՝ Մերձավոր Արևելքում բռնության աճի պայմաններում և, ըստ էության, խաղաղության պահպանմանն ու ամրապնդմանն ուղղված կարևոր միջոցառում է: Մշտապես հանդես գալով տարածաշրջանում և, ընդհանրապես, աշխարհում խաղաղության և կայունության պահպանման դիրքերից՝ Հայաստանի Հանրապետությունը ակտիվորեն մասնակցում է ՆԱՏՕ-ի և ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող խաղաղապահական գործողություններին (Կոսովո, Իրաք, Աֆղանստան): 2014թ. նոյեմբերից Հայաստանը Լիբանանում մասնակցում է ՄԱԿ-ի հովանու ներքով իրականացվող «UNIFIL» խաղաղապահական առաքելությանը, իսկ 2015 թ. հուլիսից հայ խաղաղապահներ են տեղակայվել նաև Մալիում:

Երևանում ընթացող ««Հաստատութենաշինություն և կարողությունների զարգացում հանուն խաղաղության». ՄԱԿ-ի Փորձագիտական խմբի առաջարկությունների ազդեցությունը ապագա առաքելությունների վրա» միջազգային ամենամյա համաժողովի ժամանակ ողջույնի ուղերձներով հանդես եկան ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խաղաղապահական  օպերացիաների հարցերով օգնական Էդմոնդ Մուլեն: Համաժողովին մասնակցում են 21 պետությունների 100 ներկայացուցիչներ:

Համաժողովի ընթացքում հատուկ ուշադրություն կդարձվի «հաստատութենաշինություն և կարողությունների զարգացում հանուն խաղաղության» պրոբլեմին: Նպատակն է ընդհանուր պատկերի հիման վրա տրամաբանորեն փոխկապված եզրահանգումներ անել, որոնք կներառեն հաստատութենաշինության ու կարողությունների զարգացման` կատարված հետազոտությունների արդյունքներում և մշակված հանձնարարականներում եղած ընդհանրությունների, բացերի, համընկումների և հնարավոր անհամապատասխանությունների ի հայտ բերումը: Կայունացման և պետական իշխանության վերականգնման ու ընդլայնման հարցերը քննարկելիս կդիտարկվեն նաև ինչպես կոշտ, այնպես էլ փափուկ անվտանգության հարցերը: Դրա նպատակն է մշակել մի շարք թիրախային և իրատեսական հանձնարարականներ, թե ինչպես հաստատութենա­շինությունը և կարողությունների զարգացումն առավել արդյունավետ կերպով օգտագործել որպես խաղաղապահությունը և խաղաղաշինությունը կապող միջոցներ: 2015 թ. համաժողովում.

ա) կգնահատվեն առավել կարևոր և համընդգրկուն հարցերը` կապված ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի Խաղաղապահության հարցերով բարձր մակարդակի անկախ փորձագիտական խմբի և «Անվտանգության խորհրդի 1325-րդ բանաձևի» իրագործման վերաբերյալ համընդհանուր հետազոտությունների արդյունքների հետ,

բ) կուսումնասիրվեն ՄԱԿ-ի «Խաղաղաշինության Ճարտարապետության վերանայման» արդյունքները,

գ) այնուհետև ավելի հանգամանորեն կուսումնասիրվի հաստատութենաշինությունը,

դ) երեք առանձին դեպքերի` Հարավային Սուդանի, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության և Լիբերիայի ուսումնասի­րության հիման վրա կմշակվեն հանձնարարականներ, թե ինչպես առաջ մղել և ամրապնդել ձեռնարկվող արդյունավետ հաստատութենաշինությունն ու կարողությունների զարգացումը հանուն խաղաղության:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ