09 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Էթիկայի հանձնաժողովը քննության կառնի ՀՅԴ-ի դիմումը

Ազգային ժողովի Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը երկու ժամ տևած քննարկումների արդյունքում որոշեց քննության վերցնել ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի դիմումը: Հանձնաժողովի նախագահ, “Հայ ազգային կոնգրես” խմբակցության ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի տեղեկացմամբ, դիմումի հարցով հանձնաժողովում ներկայացուցիչ է նշանակվել “Ժառանգություն” խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը: Նա երեսնօրյա ժամկետում Էթիկայի հանձնաժողովի քննարկմանն ու հաստատմանը պետք է ներկայացնի հիշյալ հարցի վերաբերյալ որոշման նախագիծ: Անհրաժեշտության դեպքում այդ ժամկետը կարող է երկարաձգվել ևս 20 օրով:

Նշենք, որ նիստում հարցի քննարկմանը և քվեարկությանը մասնակցում էին 4 խմբակցությունների՝ “Բարգավաճ Հայաստան”-ի, ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի և “Ժառանգության” ներկայացուցիչները: ՀՀԿ-ի ներկայացուցիչ, Էթիկայի հանձնաժողովի փոխնախագահ Դավիթ Հարությունյանը և հանձնաժողովում “Օրինաց երկիր” խմբակցության ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանը, ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն, չմասնակցեցին, քանի որ Ա. Ռուստամյանի դիմումին կցված ցանկում ի թիվս ԱԺ արտահերթ նիստից բացակայած 83 պատգամավորների անունների, նշված էին նաև վերոհիշյալ երկու պատգամավորների անունները:

 Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունը նոյեմբերի 28-ին դիմել է Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովին` նոյեմբերի 21-ին հրավիրված ԱԺ-ի արտահերթ նիստին չգրանցված պատգամավորների կողմից ԱԺ կանոնակարգ-օրենքի 6.1-րդ հոդվածի 2-րդ մասի ա), գ), զ) կետերով նախատեսված էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ հարցը քննելու և համապատասխան որոշում կայացնելու խնդրանքով: Դիմումին կից ներկայացվել է այդ պատգամավորների ցանկը:

Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովին ուղղված դիմումում ՀՅԴ խմբակցության ղեկավարն ընդգծել է, որ էթիկայի կանոնների խախտումն արտահայտվել է վերոհիշյալ արտահերթ նիստին չմասնակցելով: Ըստ դիմումատուի, ավելին` այդ պատգամավորներից յուրաքանչյուրը խոչընդոտել է նաև Սահմանադրությամբ նախատեսված` ԱԺ-ի գործառույթների իրականացմանը և փաստացի նպաստել Սահմանադրության 70-րդ հոդվածով նախատեսված արտահերթ նիստի գումարման, բնականոն գործունեության ձախողմանը:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի 48 պատգամավորների նախաձեռնությամբ նոյեմբերի 21-ին հրավիրված խորհրդարանի արտահերթ նիստում նախատեսվում էր քննարկել ՀՀ ընտրական և քրեական օրենսգրքերում, “Բնակչության պետական ռեգիստրի մասին” օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին “Հայ ազգային կոնգրես” խմբակցության անդամների հեղինակած օրենքների նախագծերի փաթեթը: Սակայն նիստը չկայացավ, քանի որ ԱԺ կանոնակարգ-օրենքով սահմանված երեք ժամում քվորումն այդպես էլ չապահովվեց. գրանցվել էր ընդամենը 46 պատգամավոր, մինչդեռ նիստի աշխատանքը սկսվելու համար անհրաժեշտ էր, որպեսզի գրանցվեր առնվազն 66 պատգամավոր:

Տեղեկացնում է Փաստինֆոն:
 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ