Հայերը «կյանքի հարկ» են վճարում «Իսլամական պետությանը»
Սիրիայի Ռաքքա (Ալ Ռաքքա) քաղաքում, որը համարվում է «Իսլամական պետության» կենտրոնատեղին, 5-6 հայ ընտանիք է ապրում: Նրանք բնիկներ են, եւ տեղացիների լեզվով կոչվում են «հայ քրդեր»: «Արեւելքը» Ռաքքայում ապրող հայ ընտանիքների մասին տեղեկություններ ստացավ հենց ընտանիքներից մեկի երիտասարդ անդամից, որը զգուշացավ ներկայանալ, բայց մանրամասներ ներկայացրեց Ռաքքայի ներկայի իրավիճակից:
Մեր հայրենակիցը, որ ի դեպ, խոսում է մաքուր հայերեն, նշեց, որ բացի մշտական ապրող այդ 5-6 հայ ընտանիքներից, նաեւ Սիրիայի տարբեր շրջաններից են բազմաթիվ հայեր գալիս Ռաքքա` աշխատելու նպատակով:
Հակառակ երկրում տիրող պատերազմական իրավիճակին, նրանց հաջողվում է դրամ վաստակել «Իսլամական պետության» կենտրոնատեղի համարվող քաղաքում: Հայերը, ինչպես նշեց մեր զրուցակիցը, այնտեղ զբաղվում են մեքենաների եւ սարքերի վերանորոգման աշխատանքներով:
Այն հարցին, թե վտանգավո՞ր չէ ապրել անմիջապես «Իսլամական Պետության» կենտրոնատեղի-բնակավայրում, այն դեպքում, երբ ամեն օր սարսափելի լուրեր ենք լսում զինյալների կատարած վայրագությունների մասին, մեր զրուցակիցը պատասխանեց, որ «Իսլամական Պետությունը» դրամական հարկ է սահմանել այն ոչ մուսուլման ընտանիքների համար, որոնք ուզում են աշխատել եւ մնալ Ռաքքայում. այդ գումարը, իրենց աշխատածից որոշ բաժին քաղաքի «տերերին» վճարելուց բացի, ինչ-որ տեղ նաեւ ապահովական հարկ է:
«Հայերը, քաղաքի ոչ մուսուլման մյուս բնակիչների պես նույնպես հարկ են վճարում «Իսլամական Պետության» զինյալներին: Դրամահարկի մուծումը օգնում է, որ համեմատաբար ապահով զգանք: Չնայած, ընդհանուր առմամբ, ապահովություն չկա:
Օրինակ վախենում ենք քաղաքի ավելի հեռու վայրերը գնալ, չգիտենք` ինչ վիճակում է քաղաքի հայկական «Սուրբ Աստվածածին» եկեղեցին, քանի որ այդ կողմերը ընդհանրապես չենք գնում, սովորաբար մեր արհեստանոցների թաղերում ենք միայն մնում եւ աշխատում»,-նշեց մեր զրուցակիցը:
Մեր այն հարցին, թե որքա՞ն է կազմում իսլամիստներին վճարվող հայերի հարկը, մեր զրուցակիցը չպատասխանեց, նշելով, որ ամեն մեկի համար տարբեր չափ է սահմանված, կախված աշխատանքի եւ զբաղվածության բնույթից, իսկ ընդհանրապես, չափի մասին չեն բարձրաձայնում քաղաքում:
Նա նաեւ հայտնեց, որ Ռաքքայում «Իսլամական պետությունն» արգելել է սիրիական թղթադրամի շրջանառությունը. առեւտուր եւ այլ գործարքներ կատարվում են թուրքական լիրայով եւ ամերիկյան դոլարով:
«Ընդհանուր առմամբ պատերազմական իրավիճակ է: Վախի մթնոլորտ է տիրում ամենուր, չգիտենք, թե վաղը, մյուս օրը ինչ կլինի»,-նշեց մեր զրուցակիցը, ավելացնելով, որ Ռաքքայում ժամանակին շատ հայ է ապրել, նրանք հեռացել են պատերազմի պատճառով, իսկ «Իսլամական պետությունը» բոլոր հայերի տների վրա հատուկ նշան է դրել, այնուհետեւ մտել եւ գրավել է այդ տները:
«Բոլոր հայերի տներն այսօր գտնվում են զինյալների տիրապետության տակ»,- նշեց մեր հայ զրուցակիցը: Հարցին, թե ինչպե՞ս են ջրի եւ էլեկտրականության հարցերը քաղաքում, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ռաքքայում էլեկտրականություն եւ ջուր միշտ կա, ինչպես նաեւ Ինտերնետ, որի գիծը գալիս է Թուրքիայից»:
Անդրադառնալով վերջին օրերի զարգացումներին` ռաքքահայ մեր զրուցակիցը նշեց, որ քաղաքն ուղղակի ցնցվել է ռուսական օդուժի ծանր հարվածներից, որոնք ուղղվել են անմիջապես զինյալների դիրքերին, տասնյակ զոհեր կան:
Աղբյուրը` arevelq.am