Գերմանացի նախարարի արտասովոր ժեստը` Սերժ Սարգսյանին /Ֆոտո/
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կրթության և մշակույթի նախարար Շտեֆան Դորգերլոհին: Այս մասին տեղեկանում ենք նախագահականից:
Հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Գերմանիան Հայաստանի համար կարևորագույն գործընկեր և բարեկամ երկիր է: Նախագահը գնահատելի է համարել ընթացիկ տարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բազմաթիվ միջոցառումների անցկացումը Գերմանիայում: Սերժ Սարգսյանի խոսքով, հայ ժողովուրդը մեծապես կարևորում է Գերմանիայի պաշտոնական շրջանակների դիրքորոշումը Հայոց ցեղասպանության դատապարտման հարցում, մասնավորապես` Նախագահ Յոախիմ Գաուկի ելույթը ապրիլի 23-ին` Բեռլինի մայր տաճարում: Սերժ Սարգսյանն առանձնակի կարևորել է նաև Սաքսոնիա-Անհալթ երկրամասի և անձամբ կրթության և մշակույթի նախարար Շտեֆան Դորգերլոհի աջակցությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների անցկացմանը:
Նկատենք, որ գերմանացի նախարարը ՀՀ նախագահի հետ հանդիպման է գնացել արատասովոր ժեստով. վերջինիս կոստյումի վրա անմոռուկ է եղել, ինչը, անխոս, վկայում է, որ գերմանացի նախարարը ևս դատապատրում է Հայոց Ցեղասպանությունը:
Հիշեցնենք, որ Գերմանիայի խորհրդարանում` Բունդեսթագում, Հայոց Ցեղասպանության դատապարտման և ճանաչման հարցը քաղաքական օրակարգում է: Ըստ որոշ փորձագետների` շուտով գերմանացի պատգամավորները Բունդեսթագում քվեարկության կդնեն Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցը: