ԱՄՆ դեսպանի հարցազրույցը քաղաքական սկանդալի պատճառ չի դառնա. Գագիկ Մելիքյան
Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսի կարծիքը կապված ՀՀ-ում կոռուպցիայի մակարդակի վերաբերյալ դիտարկմանը, քաղաքական սկանդալի պատճառ չի դառնա: «Եթե դուք ուշադիր լսել ենք իր հարցազրույցը, ապա նա սկզբում նշել էր, որ վերջին տարիներին ՀՀ-ում կոռուպցիայի մակարդակը նվազել է: Ես չեմ կարծում, որ ԱՄՆ դեսպանի հայտարարությունները որևէ առնչություն ունեն Սերժ Սարգսյան- Իլհամ Ալիև հնարավոր հանդիպման հետ»,-այսօր «Հենարան» ակումբում ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:
Նշենք, որ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը սեպտեմբերի 17-ին «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում հայտարարել էր, որ կոռուպցիան լուրջ խնդիր է Հայաստանի համար և մեծ դեր ունի երկրի ամենօրյա կյանքում:
«Կոռուպցիան խոչընդոտում է տնտեսական աճը, վտանգում է մարդու իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարությունը և անգամ, կարծում եմ, երկրի ազգային անվտանգությունը, որտեղ կոռուպցիա կա, քանի որ արտաքին ուժերը կարող են վերահսկել ձեր երկրի զարգացումը»,- ասել է Միլսը:
Դեսպանի խոսքով, հարցն այն է, թե արդյոք պետությունը ունի կոռուպցիայի դեմ պայքարելու համար անհրաժեշտ գործիքներ և կամք, և արդյո՞ք կա այն քաղաքացիական հասարակությունը, որը պատրաստ է համագործակցել իշխանությունների հետ և օգնել այդ պայքարում: