15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հանրակացարանի բնակիչները բնակարանամուտ են տոնել

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան 45 հասցեի նորակառույց շենքի հանդիսավոր բացման արարողությանը: 4-րդ կարգի վթարայնության Սիսակյան 3 և Նոր-Արեշ 35 փողոց N127/1 հանրակացարանային շենքերում բնակվող շուրջ 100 ընտանիքներ այսուհետ կապրեն անվտանգ ու հարմարավետ բնակարաններում: Երջանիկ տանտերերին նոր բնակարանների բանալիներն ու սեփականության վկայականները հանձնել է անձամբ քաղաքապետը: Շնորհավորելով բնակիչներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ քաղաքապետարանը մշտապես եղել և լինելու է մայրաքաղաքի բնակիչների կողքին ու շարունակելու է հետզհետե լուծումներ տալ տասնամյակներ շարունակ անլուծելի թվացող խնդիրներին: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը:

«4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների խնդիրը մշտապես եղել է քաղաքային իշխանության ուշադրության կենտրոնում ու հատկապես վերջին տարիներին այս ուղղությամբ մենք հստակ քայլեր նախաձեռնեցինք: Դեռ 2012 թվականին իմ որոշմամբ ստեղծված հանձնաժողովի աշխատանքի արդյունքում մենք կարողացանք հստակեցնել պահանջարկն ու խնդրի վերջնական լուծման համար անհրաժեշտ ծավալները: Խնդիրը նաև Հանրապետության Նախագահի ուշադրության կենտրոնում էր և մենք, կառավարության հետ համատեղ, 2013 թվականին լուծեցինք առաջնահերթ վերաբնակեցման ենթակա 207 ընտանիքներին նոր բնակարաններով ապահովելու խնդիրը: Որպես ծրագրի շարունակություն՝ անցյալ տարի մենք սկսեցինք ևս 4 շենքերի կառուցումը, որոնցից   Մարգարյան 45 հասցեի այս շենքից շուրջ 100 բնակարաններ այսօր հանձնեցինք Սիսակյան 3 և Նոր-Արեշ 35 փողոցի N127/1 հանրակացարանային շենքերի բնակիչներին»,- ընդգծել է քաղաքապետը:

Նախկին վթարային շենքերի տեղերում կառուցված ու դեռևս կառուցվող բոլոր շենքերը համապատասխանում են սեյսմակայունության ժամանակակից չափորոշիչներին: Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների 15, Շինարարների 6 և Սիսակյան 16 հասցեներում կառուցվող շենքերը մինչև տարեվերջ հետզհետե շահագործման կհանձնվեն: Ընդհանուր առմամբ՝ չորս նոր շենքերի կառուցմամբ կլուծվի 4-րդ կարգի վթարայնության շենքերում բնակվող ևս շուրջ 450 ընտանիքների վերաբնակեցման խնդիրը, որով էլ, ըստ էության, մայրաքաղաքում ամբողջությամբ լուծում կստանա 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվառված 4-րդ կարգի վթարային շենքերի բոլոր բնակիչներին բնակարաններով ապահովման խնդիրը:

«Ուզում եմ մեկ անգամ ևս շեշտել, որ 4 շենքերի շինարարության ավարտով մենք, ինչպես և խոստացել էինք, մինչև տարեվերջ ամբողջությամբ լուծում ենք 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվառված 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչներին բնակարաններով ապահովման խնդիրը: Եվ սա իսկապես մեծ ձեռքբերում է, քանզի, այսպիսով, վերջնականապես լուծում ենք շուրջ 650 ընտանիքների վերաբնակեցման խնդիրը: Մեր քաղաքականությունը հստակ է, և եթե առաջիկա տարիների ընթացքում նման խնդիր էլի առաջանա, ապա մենք շարունակելու ենք լինել մեր բնակիչների կողքին ու լուծումներ տալ այդ խնդրին»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետը շրջել է բնակարաններում և բնակիչների հետ միասին գնահատել կատարված աշխատանքը: Ի դեպ, բազմաբնակարանի կառուցման ողջ ընթացքը մշտապես եղել է քաղաքապետի հսկողության ներքո, ինչին հաճախ Տարոն Մարգարյանը հետևել է հենց տեղում՝ աշխատանքային շրջայցերի ժամանակ: Բոլոր բնակարանները բնակիչներին հանձնվում են լիովին հարդարված ու բնակության համար միանգամայն պատրաստի վիճակում: Յուրաքանչյուր բնակարան ապահովված է նաև ջեռուցման անհատական համակարգով: Իրենց գոհունակությունը փոխանցելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ բնակիչները նշել են, որ սոցիալական կարևոր նշանակություն ունեցող այս ծրագրի իրականացումը սպասված էր տասնամյակներ շարունակ:

Հարկ է նշել, որ Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող սույն ծրագիրը 4-րդ կարգի վթարայնության շենքերի բնակիչների վերաբնակեցում է, ինչը, վթարային բնակարանում հաշվառված անձանց թվով պայմանավորված, լրացուցիչ բնակարան հատկացնելու կամ բնակարանային պայմանների բարելավում չի ենթադրում: 4-րդ կարգի վթարայնության շենքերի բնակիչների վերաբնակեցման ծրագրով բնակարանները հատկացվում են զբաղեցրած բնակմակերեսը հաշվի առնելով: Ավելորդ չէ նշելը, որ շատ դեպքերում, մասնավորապես՝ հանրակացարանների դեպքում, փաստացի հատկացվող նոր բնակարանների մակերեսը շուրջ 3 անգամ մեծ է վթարային շենքում ընտանիքի զբաղեցրած տարածքի մակերեսից: Բացի այդ, բոլոր նոր բնակարանները հատկացվում են սեփականության իրավունքով՝ անկախ այն բանից, թե վթարային շենքում փաստացի զբաղեցված տարածքի հանդեպ ինչ կարգավիճակ է ունեցել վերաբնակեցվող ընտանիքը: Նաև նշենք, որ վթարային շենքերում բնակվող ընտանիքներին նոր բնակարաններով ապահովելուց անմիջապես հետո տվյալ շենքերն ապամոնտաժվում են:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ