Հայտնի է մյուռոնօրհնեքի միջոցառումների ժամանակացույցը
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 17:00-ին, Մայր Աթոռի Սբ Տրդատի բաց խորանում կկայանա մյուռոնօրհնեքի արարողությունը, որին կնախորդի առավոտյան ժամը 10:30-ին մատուցվելիք սուրբ պատարագը: Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:
Մյուռոնօրհնության նախորդ օրը՝ սեպտեմբերի 26-ին՝ ժամը 20:30-ին, Մայր տաճարում տեղի կունենա Էկումենիկ աղոթք:
Սրբալույս հեղուկի օրհնության առթիվ կայանալիք միջոցոռումները կշարունակվեն նաեւ սեպտեմբերի 28-ին եւ 29-ին:
Մասնավորապես, սեպտեմբերի 28-ին՝ ժամը 10:00-ին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կկատարվի բարեխոսական կարգ եւ շրջայց:
Ժամը 12:00-ին Մայր Տաճարի առջեւ` Գարեգին Ա Կաթողիկոսի շիրիմի մոտ, նախատեսվում է Հայրապետի հոգեհանգստյան աղոթք:
Ժամը 12:30-ին Մայր տաճարի շրջափակում տեղի կունենա «Գարեգին Ա» կրթական կենտրոնի բացումը, իսկ 13:30-ին, կրկին Մայր տաճարի շրջափակում, կկատարվի Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված Խաչքարերի օրհնություն եւ օծում:
Ժամը 15:00-ին Գեւորգյան ճեմարանում կբացվի «Սրբալույս Մյուռոն» խորագրով կերպարվեստի ցուցահանդես:
Միջոցառումները կամփոփվեն Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիայի մեծ դահլիճի նախասրահում կայանալիք «Հայոց Եկեղեցին միջազգային փոստային բացիկներում» լուսանկարների ցուցահանդեսով (որին կհաջորդի մյուռոնի օրհնությանը նվիրված համերգային ծրագիրը) եւ Մայր Աթոռի «Ալեք եւ Մարի Մանուկյան» Գանձատանը կայանալիք Սրբալույս Մյուռոնին նվիրված նամականիշերի մարման արարողությամբ: