Անչափահաս աղջնակին բռնաբարել են կապկպած, եւ նրա մոտ տպավորություն է, որ ծեծվել է /վիդեո/
Ահազանգելով 2011 թ. դեկտեմբերի 4-ին Գյումրիում տեղի ունեցած մանկապղծության դեպքի մասին` “Շիրակ կենտրոն” ՀԿ-ն մասնավորապես դատապարտել էր արարքն ու հայտարարել, որ հետաքրքրվելու է այդ աղջնակի ճակատագրով:
Կենտրոնը մասնավորապես ուզում էր պարզել, թե արդյո՞ք այս երեխան Գյումրիում տիրող համատարած աղքատության եւ երեխաների հանդեպ անուշադրության հերթական զոհը չէ:
“Արդյո՞ք այդ դեպքը տեղի կունենար, եթե գիշերօթիկ դպրոցի տնօրինությունն ու մանկավարժները, երեխայի ծնողներն ու հարեւանները, ինչպես նաեւ մարզային ու տեղական իշխանություններն ու համապատասխան կազմակերպություններն անհրաժեշտ ուշադրություն եւ գործունեություն ծավալած լինեին սոցիալապես անապահով երեխաների հանդեպ կիրառվող բռնության դեպքերը կանխարգելու ուղղությամբ”,-ասված է կենտրոնի Henaran.am-ին տրամադրած հաղորդագրությունում:
Հունվարի 4-ին կենտրոնի աշխատակիցներն այցելեցին Գյումրու կենտրոնական մասում գտնվող այն տնակային փոքրիկ ավանը, որտեղ մի կիսախարխուլ, անլույս եւ խոնավ խրճիթում բնակվում է սեռական բռնության ենթարկված 10-ամյա աղջնակի ընտանիքը:
Կենտրոնի ներկայացուցիչները զրուցեցին երեխայի ծնողների եւ հարեւանների հետ: Պարզվեց, որ ծայրահեղ աղքատության մեջ ապրող բազմանդամ ընտանիքի կերակրողը` տանտերը/աղջնակի հայրը/ ծանր հիվանդ է եւ երկար ժամանակ է, ինչ գամված է անկողնուն:
Վառելիքը հիմնականում փլված շենքերի տարածքներից հայթայթում են մայրը եւ բռնության ենթարկված աղջնակը: Նրանց ապրուստի միակ միջոցը սոցիալական նպաստն է: Ընտանիքում 5 երեխա են, իսկ ամենափոքրը երկու ամիս առաջ է մահացել վեց ամսական հասակում:
Հարեւանների պատմելով, մանկապիղծը Գյումրու կենտրոնական մասում գտնվող կիսակառույց մի շինության տարածքում, երեխայի բերանը եւ ձեռքերը կապկպած վիճակում էր բռնաբարել, հավանաբար այդ պատճառով երեխան չի գիտակցում իր հետ կատարվածը եւ կարծում է, թե իրեն պարզապես ծեծել են:
“Շիրակ կենտրոնը” Henaran.am-ին նաեւ տրամադրել է տեսանյութ:Բնականաբար, մարդկանց դեմքերը քողարկված են, չի երեւում կացարանի կոնկրետ տեղը` հասկանալի պատճառներով: