10 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մեր Տիրոջ ցույց տված ճշմարիտ սիրո օրինակով նորոգենք այսօր մեր կյանքը. Ամենայն Հայոց Կաթողիկոս

Հունվարի 6-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց մեր Տիրոջ եւ Փրկչի` Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան եւ Աստվածհայտնության տոնը:

Առավոտյան, ժամը 1030-ին, խաչերով ու խաչվառներով պսակյալ հայրապետական թափորը շարժվեց Վեհարանից` Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին ամպհովանիով առաջնորդելով Մայր Տաճար, ուր տոնի առիթով մատուցվեց Հայրապետական Սբ. Պատարագ:

Ամպհովանակիրներն էին` գեներալ-մայոր Տիգրան Գասպարյանը, գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը, գեներալ-մայոր Կամո Քոչունցը եւ գեներալ-մայոր Ալբերտ Մարդոյանը:

Սրբազան արարողության ժամանակ Նորին Սրբությանը որպես առընթերականներ սպասավորում էին Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը եւ Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։

Պատարագի Սրբազան արարողության ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամն ուղղեց համայն հայությանը Սբ. Ծննդյան եւ Աստվածհայտնության տոնի առիթով` վերստին փոխանցելով ամենքին հրեշտակաբարբառ ավետիսը:

“Սիրելի հավատավոր ժողովուրդ ի Հայրենիս եւ ի Սփյուռս.

Այսօր մեր հոգիներում եւ մտահայացքի առջեւ աշխարհակեցույց  “մեծ եւ սքանչելի” այն խորհուրդն է, որ ճառագեց երկնքում եւ երկրի վրա, երբ պայծառ աստղը կանգնեց Բեթղեհեմյան քարայրից վեր եւ հրեշտակները ավետեցին Փրկիչ Աստվածորդու Սուրբ Ծնունդը` ասելով. “Այսօր Դաւթի քաղաքում ձեզ համար ծնուեց մի Փրկիչ, որ օծեալ Տէրն է” (Ղուկ. Բ 11): Ավետարանները պատմում են, թե ինչպես հեռավոր երկրներից եկած իմաստուն մոգեր եւ մերձակայքում գտնվող հովիվներ փութացին դեպի քարայրը եւ երկրպագելով խանձարուրով փաթաթված նորածին Մանուկին` ողջունեցին Փրկչի գալուստն աշխարհ:

Սքանչելախորհուրդ Սուրբ Ծննդյան տոնին ամենքս ուխտավոր ենք  Բեթղեհեմի` այցելելով Սուրբ Երկիր կամ մեր հոգին դարձնելով Բեթղեհեմ` մեզ շնորհված հավատքի իմաստությամբ ու զորությամբ երկրպագելու Մանուկ Հիսուսին, Նրան ճանաչելու եւ ընդունելու իբրեւ Աստծո Միածին Որդին եւ ճանապարհը հավիտենական կյանքի, ինչպես գրում է առաքյալը. “Ով ընդունում է Որդուն, ընդունում է նաեւ կեանքը, եւ ով չի ընդունում Աստծո Որդուն, չի ընդունում նաեւ կեանքը”:  Այսօր “Հայոց Բեթղեհեմ” միածնաէջ այս սուրբ տաճարում եւ նրա լույսով հաստատված մեր բոլոր եկեղեցիներում մենք, սիրելիներ, եւ ազգիս զավակունք ցնծությամբ օրհնաբանում ենք ծնունդը մեզ համար աշխարհ եկած Փրկչի եւ խոստովանում.- Դու ես մեր Տերը: Դու ես մեր Փրկիչը: Դու ես աղբյուրը մեր կյանքի եւ ճանապարհը հավիտենության: Այս խոստովանությունը լուսավորել եւ լուսավորում է մարդկության ուղին: Քրիստոսով Աստծո սերը հայտնվեց մարդկանց, Աստվածորդին աշխարհ եկավ վերացնելու մեղքը, փարատելու մահվան խավարը եւ մարդկությանն առաջնորդելու դեպի իր Արարիչը` ընդունելու համար հավիտենական կյանքը: Քրիստոսով աստվածային սերը տարածվում է ողջ աշխարհի` մարդու եւ բնության վրա, միշտ բարենորոգելու այն եւ կյանքով ու խնդությամբ լցնելու: Սակայն աստվածային կամքին հակառակ ընթացքը կյանքը դարձնում է հիմնախնդիրների ու մարտահրավերների կիզակետ: Նայենք արդի աշխարհին. այն ծանրաբեռնված է բազում նեղություններով, զրկանքներով, հակասություններով ու բախումներով: Քրիստոսին եւ Նրա պատվիրանների մերժումը ծնում է պատերազմներ ու աղետներ, վնասում Երկիր մոլորակը, պատճառ դառնում հոգու եւ հոգեւորի տկարացման, նաեւ` աստվածաշնորհ կյանքի բռնի ընդհատման, սպանությունների, ինքնասպանության: Մեր օրերի համընդհանուր ճգնաժամը, որ բացատրվում է քաղաքական, տնտեսական, նյութական պատճառներով, հիմնականում նույնպես օտարացման եւ հեռացման հետեւանք է դեպի Աստված տանող լուսավոր ուղուց, մեղսավոր ընթացքով երկնային սիրո պարգեւներից հրաժարման: Քրիստոս է կյանքը, Նրա պատվիրանները պահելով Աստծո սերը, ճշմարտությունը, սրբությունը, արդարությունն ու ողորմությունն են իրագործվում աշխարհում, առաջնորդելով այն դեպի բարին ու կատարյալը, դեպի լիակատար կյանք, ինչպես մեր Տիրոջ երկրային կյանքն էր, որը հավատ ու սեր էր Երկնային Հոր հանդեպ եւ օրհնություն` մարդկանց համար։

  Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, հավատքն ու սերն այն անսասան հիմքն են, որի վրա հաստատուն մնալով պիտի զորանա նաեւ մեր երկրի ու ժողովրդի կյանքը, լցվի խնդությամբ ու բերկրանքով: Հավատքի եւ սիրո արգասիքներն ազնվության, արդարության, կարեկցության, միմյանց սատարումի եւ զորակցության բարի գործերն են, որ միշտ ուղեկից են լինելու մեզ, եթե մեր ուղին չխոտորվի Քրիստոսի լուսավոր ճանապարհից: Մեր օրերում, նաեւ մեր կյանքում հավատաշեն գործերի, աստվածահաճո բազում ձեռնարկների կողքին ցավով կարելի է տեսնել աստվածամերժ ընթացքներ, մեր ժողովրդի քրիստոնեական նկարագրին անհարիր բարքեր, ազգային նվիրական արժեհամակարգի խաթարում, նաեւ` հոգեւորի անտեսումով նյութականի, դրամի գերարժեւորում, որը դառնում է գլխավոր նպատակ` փոխանակ լինելու կյանքի արդար ու բարի ընթացքը կազմակերպելու միջոց: Նման դրսեւորումները, հաստատապես, պարպում են կյանքը Քրիստոսի կենարար ներկայությունից, զրկում այն հոգեւոր ուրախությունից, գթասրտությունից, մարդասիրությունից, ազնիվ ու վեհ զգացմունքներից, տերունաշնորհ փրկությունից: Քրիստոս զգուշացնում է մեզ այդ կործանարար ճանապարհից` ասելով. “Ի՞նչ օգուտ է մարդուն, եթէ ամբողջ աշխարհը շահի, բայց իր անձը կորցնի” (Մարկ. Ը 36):

Սիրելիներ,

մեր Տիրոջ ցույց տված ճշմարիտ սիրո օրինակով նորոգենք այսօր մեր կյանքը, որը տակավին զերծ չէ կարիքներից ու դժվարություններից, մեր երկրի եւ ժողովրդի առաջընթացն ու բարօրությունը կասեցնող արտաքին եւ ներքին հիմնահարցերից: Ներկա կյանքի խնդիրներն ու հրամայականները չեն կարող սասանել մեր կամքը` հաղթահարելու խոչընդոտներն ու արգելքները եւ միմյանց աջակից` ծառայելու մեր երկրի զորացմանը, ազգային վերելքին եւ լուսավոր գալիքի կառուցմանը: Մեր կյանքի առաջընթացը լուսառատ նոր հորիզոններ է պարզելու, եթե համազգային ջանքերի մեկտեղումով հանձնառու գտնվենք գործելու հասարակությանը բարիք բերելու, Հայրենիքին, ազգին ծառայելու ձգտումով` զուգակցելով օրինապահությունը սիրո, արդարադատությունը` գթասրտության, հարստությունը` ողորմության, ուժը` աջակցության, կարողությունը` սպասավորության հետ, քանզի ընդունում եւ դավանում ենք կյանք պարգեւող Որդուն: Այսօր մոգերի ու հովիվների օրինակով խոնարհվենք Քրիստոսի առջեւ, ընդունենք Տիրոջը մեր սրտերի մսուրներում, նորոգվենք մեզ պարգեւված փրկության շնորհով եւ միշտ հիշենք,  որ Տիրոջ  “ողորմութիւնը սերնդից սերունդ Իր երկիւղածների վրայ է” /Ղուկ. Ա 50/ – իր պատգամում ասաց Նորին Սրբությունը։

Հոգենորոգ տոնի առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր ողջույնները հղեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրապետական Աթոռների գահակալներին, Եկեղեցու ուխտապահ հոգեւոր դասին եւ ի սփյուռս աշխարհի համայն հայ ժողովրդին:

Ս. Ծննդյան ավետիսով Նորին Սրբությունը ողջունեց նաեւ Պատարագի սրբազան արարողությանը ներկա Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին, հայոց պետական ավագանուն, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին, ինչպես նաեւ ողջույններ հղեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին եւ Քույր Եկեղեցիների հոգեւոր պետերին:

Իր պատգամի ավարտին Վեհափառ Հայրապետը հրավիրեց հավատավոր ժողովրդին աղոթելու եւ հայցելու Փրկչին.

“Տեր, թող Քո Սուրբ Ծննդյան շնորհները լուսավորեն աշխարհը համայն, խաղաղության հրեշտակաձայն ավետիսը հնչի Երկրի բոլոր ծագերում, հաճությունն ու համերաշխությունը ուղեկից լինեն ազգերին ու ժողովուրդներին, եւ երջանկությունն ու խնդությունը թագավորեն բոլոր ընտանիքներում: Թող Քո Սուրբ Ծննդյան լույսի առջեւ նահանջեն ատելություն եւ հակառակություն, հուսաբեկություն, անտարբերություն, դառնություն եւ տխրություն, եւ համայն աշխարհը պարուրվի Քո պարգեւած սիրով ու հույսով: Քո խնամքի մեջ սիրով, միաբան պահպանիր, Տեր, աշխարհասփյուռ ազգիս հայոց եւ պարգեւիր բարօր ու շեն կյանք, բարգավաճում եւ հզորություն` Հայաստան եւ Արցախ մեր երկրին, առավել լույս ու պայծառություն` Առաքելական մեր Սուրբ Եկեղեցուն, եւ մենք` Քո խոսքին հավատարիմ, գործերով վկայենք մեր հավատքը` մեր սրտերում միշտ զգալով ուրախությունը կենսապարգեւ Քո ներկայության եւ ցնծությամբ ավետելով բարի լուրը Քո Սուրբ Ծննդյան”:

Սբ. Պատարագից հետո Վեհափառ Հայրապետն ի հիշատակ Քրիստոսի Սուրբ Մկրտության կատարեց Ջրօրհնեքի արարողությունը, որի ընթացքում աղոթքների ու շարականների ուղեկցությամբ ս. Խաչով օրհնվեց ջուրը եւ սրբագործվեց սրբալույս Մյուռոնով:

Այս տարի Մայր Տաճարում ջրօրհնեքի Խաչի կնքահայրն էր Մայր Աթոռ Ս. Էջմիածնի բարերար, “Փյունիկ” բարեգործական հիմնադրամի նախագահ տիար Գաբրիել Ջամբարջին:

Սբ.  Պատարագի արարողությանը ներկա էին ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը, ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանը, Գերագույն Հոգեւոր Խորհրդի անդամներ,  ՀՀ ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, պետական այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, կրթության, գիտության եւ մշակույթի ներկայացուցիչներ:

Տոնական Սբ. Պատարագից հետո Ալեք եւ Մարի Մանուկյան Գանձատան սրահում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն, որտեղ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերստին ներկաներին ողջունեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան եւ Աստվածհայտնության ավետիսով` ասելով`

Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ, Ձեզ եւ մեզ մեծ աւետիս։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ