Նախատեսվում է հանրային փրկության ճակատի հայտարարության
Կլոր սեղանի մասնակիցները սկզբունքային համաձայնություն են տվել Հանրային փրկության ճակատ ստեղծելու մասին հայտարարության նախագծին 2015 թ. սեպտեմբերի 10-ին Հիմնադիր խորհրդարանի գրասենյակում կայացած Կլոր սեղանի երկրորդ փուլի ավարտին մասնակիցները հասան կոնսենսուսի և նախաստորագրեցին Հանրային փրկության ճակատ ստեղծելու մասին հայտարարության նախագիծը: Հարկ է նշել, որ Կլոր սեղանի այդ փուլի համար նախապես ծրագրված էր ավելի համեստ արդյունք՝ հայեցակարգային առումով համաձայնեցնել հայտարարության նախագիծը: Սակայն հաջողվեց Ճակատի ստեղծման գործում մեկ քայլ ավելի առաջ գնալ և սկզբունքային համաձայնության հասնել նաև նախագծի տեքստի վերաբերյալ: Կլոր սեղանի վեց մասնակիցներից տեխնիկական պատճառներով առայժմ նախագծին սկզբունքային հավանություն տալու նպատակով իր ստորագրությունը չի դրել միայն Ժառանգություն կուսակցությունը: Հիշեցնում ենք, որ Հանրային փրկության ճակատի հայտարարության ստորագրումը և դրա հիման վրա Ճակատի ձևավորումը նախատեսվում է 2015 թ. սեպտեմբերի 21-ին, իսկ մինչ այդ ակնկալվում է նաև մյուս ընդդիմադիր ուժերի մասնակցությունը շարունակվող Կլոր սեղանին և հայտարարության ստորագրման միջոցով նրանց միավորումը Հանրային փրկության ճակատի մեջ:
Կից ներկայացվում է Կլոր սեղանի մասնակիցների սկզբունքային համաձայնությանն արժանացած Հանրային փրկության ճակատի ստեղծման մասին հայտարարության նախագիծը: