Նախագահը այցելել է
Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) նախագահ Գագիկ Ծառուկյանի ուղեկցությամբ այսօր այցելել է մայրաքաղաքի Դավթաշեն վարչական շրջանում կառուցվող օլիմպիական ավան, ծանոթացել շինարարության ընթացքին և շուրջ 7500 քմ. մակերեսի վրա ավելի քան 300 մարզիկի համար նախատեսված մարզաբազայում ստեղծված պայմաններին: 2013թ. մեկնարկած օլիմպիական ավանի շինարարությունը ավարտին կհասցվի 2015թ. սեպտեմբերի վերջին: Շենքի շահագործումից հետո այստեղ կտեղափոխվի նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի աշխատակազմը: Մարզաբազայում շրջայցի ժամանակ Հանրապետության Նախագահին ներկայացրել են ըմբշամարտի, ձյուդոյի, թեքվանդոյի, բռնցքամարտի, ծանրամարտի և խաղային մարզաձևերի մարզադահլիճներն ու դրանց հնարավորությունները, սպորտային բժշկության և հակադոպինգային ծառայության կենտրոնները: Նշվել է, որ օլիմպիական ավանի՝ միջազգային չափորոշիչներին համապատասխանող հավաքական թիմերի կենտրոնում գործելու են մենապայքարային, ուժային, խաղային, ինչպես նաև ջրային մարզաձևերի դահլիճներ, իսկ հյուրանոցային մասնաշենքը նախատեսված է լինելու մոտ 320 մարզիկի համար: Մասնագիտացված մարզադահլիճներից բացի, մարզաբազայում գործելու են նաև լողավազան, բացօթյա մարզահրապարակներ և խաղահրապարակներ: Պատասխանատուների հավաստմամբ, օլիմպիական ավանը կունենա մարզումների համար անհրաժեշտ բոլոր պայմանները:
Նախագահ Սերժ Սարգսյանն այնուհետև այցելել է Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ: Կոմբինատի սեփականատեր «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի հետ Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել «Արարատ»-ում, ծանոթացել կոմբինատի արդիականացման ուղղությամբ իրականացված վերակառուցման և վերազինման աշխատանքներին, շշալցման նոր հոսքագծերի հնարավորություններին և խաղողի մթերումից առաջիկայում ակնկալվող հումքի ծավալներին: Սերժ Սարգսյանն այցելել է նաև թանգարանի վերածված՝ շուստովյան ժամանակաշրջանում կառուցված կոմբինատի վարչական շենք և շուստովյան պատմական մառաններ, որտեղ պահպանվում և ցուցադրվում են հին տեխնոլոգիաներն ու բաղադրատոմսերը, թանգարանային նմուշներ, արխիվներից վերականգնված հայկական կոնյակագործության դարավոր ավանդույթները: