Սպարապետն ասում էր….ապացույցը
Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության կարեւորագույն օղակներից է «Պատանի երկրապահ» կառույցը: Այս կառույցի միջոցով ռազմահայրենասիրություն է քարոզվում, պետությանն, ազգին, ընտանիքին նվիրված քաղաքացի է պատրաստում: Այդ կերպ, ըստ զորավար Մանվել Գրիգորյանի՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի պատգամն է կյանքի կոչվում: Սպարապետն ասում էր, որ երեխան դեռ դպրոցից պետք է ճանաչի իր արմատները, իմանա թե ինքն ով է, որտեղից է գալիս հայ ազգը, ինչ առաքելություն ունի եւ ուր է գնում: Մենք էլ մեր պատանիներին ու աղջիկներին դաստիարակում ենք այն ոգով, որ հայրենապաշտ լինեն, ցանկացած պահի պատրաստ լինեն պաշտպանել սրբությունները՝ Աստծուն, մորը, հայրենիքը: Մեր պատանիների համար վերեւում Աստված է, ներքեւում՝ մայրը, առջեւում՝ հայոց անկախ պետականությունը:
Պատանի երկրապահներով ԵԿՄ-ն զբաղվում է դեռ 1997-ից, սակայն, 2014-ի սեպտեմբերի 9-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աջակցությամբ եւ զորակցությամբ եռակողմ հուշագիր ստորագրվեց Երկրապահ կամավորականների միության, պաշտպանության նախարարության ու կրթության եւ գիտության նախարարության միջեւ: Այդպիսով պատանի երկրապահները պետական ճանաչում ձեռք բերեցին: Այդպիսով փաստվեց, որ այս պատանիները ոչ մեկի սեփականությունն էլ չեն, այլ Հայաստան պետության հարստությունն են, եւ իրենցով Հայաստան պետությունն է զբաղվում:
Հուշագրի ստորագրմամբ՝ Հանրապետության դպրոցներում զանգվածային կերպով ձեւավորվեցին «Պատանի երկրապահ» կառույցներ: Երկրապահն արդեն այս օղակի համար լայնամասշտաբ ծրագրեր է մշակել՝ գործակցելով այն հաստատությունների հետ, որոնց հետ ունի փոխըմբռնման, համագործակցության հուշագրեր: Այսպես ուրեմն, հրամանատարասերժանտական դասընթացներին եւ ամռայաին ուսումնամարզական ճամբարային հավաքներին շատ էական մասնակցություն ունեին պաշտպանության, արտակարգ իրավիճակների, կրթության, առողջապահության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունները, ոստիկանությունը, հայ առաքելական սուրբ եկեղեցին: Հենց այս հաստատությունների ներկայացուցիչներն էին հրավիրված խորհրդակցությանը, որի նպատակը հրամանատարասերժանտական դասընթացների նոր էտապի հավուր պատշաճի կազմակերպումն է, ինչպես նաեւ՝ «Պատանի երկրապահ» կառույցի նոր ուղեցույցի ներկայացումը: Միջոցառումը մեկնարկեց երկրապահական ավանդույթների պահպանմամբ՝ ծաղկադրում սպարապետի կիսանդրիին, շրջայց, ներուժի ցուցադրում: