Փլվել է Թբիլիսիի Սուրբ Նշան հայկական եկեղեցին
Հունվարի 11-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով, որի ընթացքում քննության առնվեց Թբիլիսիի Սուրբ Նշան հայկական եկեղեցու փլուզման խնդիրը: Ժողովում Գերագույն հոգեւոր խորհուրդն ընդունեց հետեւյալ հայտարարությունը. ՙՑավով տեղեկացանք, որ հունվարի 9-ին փլուզվել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում գտնվող Սբ. Նշան հայկական եկեղեցու հյուսիսարեւելյան հատվածը: Մեծապես անհանգստացած սույն փաստով եւ նկատի ունենալով Շամխորեցոց Կարմիր Ավետարան եւ Մուղնեցոց Սուրբ Գեւորգ հայկական եկեղեցիների փլուզման նախադեպերը` Գերագույն հոգեւոր խորհուրդն արտահայտում է իր խորը մտահոգությունը: Դեռեւս 2011թ. հունիս ամսին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Վրաստան կատարած հովվապետական այցի ընթացքում Վրաստանի Հանրապետության նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի եւ Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Բ-ի հետ տեղի ունեցած հանդիպմանը հայկական կողմին հավաստիացում էր արվել, որ փլուզված եւ փլուզման վտանգի ենթակա հայկական եկեղեցիների նկատմամբ պատշաճ խնամք եւ հոգատարություն կդրսեւորվի:
Հակառակ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի եւ Վիրահայոց թեմի կողմից հնչեցված ահազանգերի` վրացական կողմի անուշադրությունը եւ հապաղումը հրատապ խնդիրների լուծման մեջ, ցավոք, այսօր կանգնեցրել է մեզ տխուր այս իրավիճակի առջեւ:
Գերագույն հոգեւոր խորհուրդը կոչ է ուղղում Վրաստանի իշխանություններին` անհապաղ քայլեր ձեռնարկել փրկելու կործանումից Սբ. Նշան հայկական եկեղեցին, հետամուտ լինել Վրաստանի մշակութային ժառանգության մաս կազմող հայկական սրբավայրերի պահպանությանն ու խնամքին եւ ընդառաջ Վիրահայոց թեմի խնդրանքին` վիրահայությանը վերադարձնել պահանջված հայկական եկեղեցիները”:
Հիշեցնենք, որ հունվարի 9-ի գիշերը Թբիլիսիի Սուրբ Նշան հայկական եկեղեցում բռնկվել է հրդեհ, որը մարելու ընթացքում փլուզվել է հուշարձանի հարավարեւելյան սյունը: ՀՀ մշակույթի նախարարությունը Թբիլիսի է գործուղել մասնագիտական հանձնախումբ` պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Սերժիկ Առաքելյանի գլխավորությամբ` դեպքի հանգամանքները տեղում ուսումնասիրելու եւ Վրաստանի մշակույթի նախարարության հետ համատեղ քննարկելու իրականացվելիք անհրաժեշտ միջոցառումները: