Վլադիմիր Գասպարյանն ազատում է համակարգի “զբոսաշրջիկներին” ու “անշարժ գույքերին”
“Շատ ճիշտ է, որ կադրային փոփոխություններ եմ անում եւ կադրային փոփոխությունները պայմանավորված են աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելով”,-այսօր կառվարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը` անդրադառնալով համակարգում իր նշանակումից հետո իրականացվող կադրային փոփոխություններին: Ոստիկանապետի խոսքով, կադրային փոփոխությունները հիմնավորվում եմ համակարգում տեղի ունեցած բացահայտումներով:
“Կան կադրեր, որոնք գնում են, որովհետեւ համարում եմ, որ սպառած են իրենց, իրենք համաձայնվում են իմ հետ, կան մարդիկ, ովքեր ուղղակի զբոսաշրջիկի կարգավիճակ են ունեցել, արդյունավետությունը զրո է, պետք է չլինեն, եղել են եւ անշարժ գույքեր: Կարծում եմ, որ արդյունքն էլ ավելի լավ է լինելու”,-ասաց Վլադիմիր Գասպարյանը:
Անդրադառնալով անձնագրերի և վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանի` աշխատանքից հեռացմանը, ՀՀ ոստիկանապետն ասաց.”Իսկ ո՞վ է նման հայտարարություն արել, որ պարոն Մուրադխանյանը հեռացվել է , նա տեղափոխվել է ռեզերվների բաժին , նա ստանում է իր աշխատավարձը, դա նշանակում է ռոտացիա, 17 տարի մարդը չի եղել արձակուրդում, թող մի 2 ամիս էլ հանգստանա, ի՞նչ է եղել”:
Հարցին, թե արդյո՞ք Նորայր Մուրադխանյանը նոր աշխատանքի կնշանակվի, Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց.”Եթե ազատված չէ համակարգից, իհարկե, կնշանակվի”: Ոստիկանապետի խոսքով, կադրային ռեզերվ են ուղարկվում նաեւ այն մարդիկ, որոնց “ավելի ճիշտ տեղ պետք է նշանակել”: Վլադիմիր Գասպարյանի հավաստիացմամբ, “պիտանի մարդիկ” համակարգից դուրս չեն մնա: “Ես առաջին օրը դա ասել եմ եւ կադրերի ջարդ հասկացություն իմ կարծիքով տեղին չէ, կադրերի ջարդի պայմաններում աշխատունակությունն ընկնում է եւ համակարգը, մեղմ ասած, չի աշխատում, իսկ այս պարագայում, ոնց որ տեսնում եք, կադրերի ջարդը բերում է արդյունավետություն”:
ՀՀ ոստիկանապետի խոսքով, համակարգից ընդամենը 4-5 սպա է ազատվել, իսկ մյուսները գտնվում են կադրային ռեզերվում: Մոտ 10-12-ն էլ, կադրային ռեզերվ անցնելուց հետո իրենց դիմումի համաձայն են հեռացել համակարգից:
Դիտարկմանը, թե խոսակցություններ կան, որ Վլադիմիր Գասպարյանն աշխատանքից ազատում է հատկապես այն կադրերին, որոնց նշանակել է նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, ոստիկանապետը պատասխանեց. “Իմ համար նշանակություն չունի, որ ոստիկանապետը ինչ է նշանակել, իմ համար նշանակություն ունի ով է աշխատում”: Լրագրողների մյուս դիտարկմանը, թե ասում են , որ Վլադիմիր Գասպարյանի “թրի տակով” հատկապես արտաշատցիներն են անցնում, ոստիկանապետը պատասխանեց .”Ես այսօրվանից կփորձեմ արդարացնել ձեր հույսերը, կազատեմ նաեւ արտաշատցիներին: Հիմա ուշադիր չեմ եղել այսուհետ ուշադիր կլինեմ : Հիմարություններ են դրանք: Ես այնքնան արտաշատցի ընկեր ունեմ, որ ուզում եմ ազատեմ, մեղքս գալիս է”:
“Համակարգը աշխատում է շատ ավելի լավ, քան երբեւիցե աշխատել է եւ վաղը աշխատելու է շատ ավելի լավ, քան այսօր: Համակարգը լինելու է ամենաամուր, կանխատեսելի եւ սիրելի համակարգը”,-հայտարարեց ոստիկանապետը: