Վարդան Այվազյանը հիշեցրեց, որ կառավարության անդամ է եղել, ՀՅԴ-ականը ռեպլիկ արեց.”Որին ներկա կառավարությունը 2 դրեց”
Այսօր քաղաքական ուժերի տնտեսական ծրագրերին նվիրված քննարկման ժամանակ բանավեճ ծավալվեց ՀՀԿ-ական Վարդան Այվազյանի եւ ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանի միջեւ: Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ Հայաստանում տնտեսկան ճգնաժամը շարունակվում է եւ ավելի է խորանալու, որովհետեւ չեն իրականացվում հակաճգնաժամային միջոցառումներ, այլ իրականացվում են առանձին միջոցառումներ, որոնք Մինասյանի խոսքով, ճգնաժամածին են:
ՀՅԴ-ական պատգամավորի խոսքով, եթե այսպես շարունակվեի, Հայաստանից արտագաղթը կխորանա, իսկ առկա տնտեսական ռեսուրսը կփոշիանա: Հետո Արծվիկ Մինասյանը ներկայացրեց որոշ ցուցանիշներ, որոնք Հայաստանն արձանագրել է այն տարիներին, երբ ՀՅԴ-ն իշխող կոալիցիայի կազմում էր: “2009 թ դրությամբ, որ Դաշնակցությունը դուրս եկավ կոալիցիայից, հիմնական կենսաթոշակը կազմում էր նվազագույն սպառողական զամբյուղի 21 %, ներկայումս` 18 %, աշխատանքային միջին կենսաթոշակը` 61% էր ներկայումս` 42 % է…”,-սկսեց թվարկել պատգամավորն ու շարունակեց.”Հայաստանի պատմության 21 տարվա ընթացքում միակ ժամանակահատվածը, երբ Հայաստանը ունեցել է ժողովրդագրական առումով դրական միգրացիոն հոսք 2004-2006 թվականներն էին, երբ ՀՅԴ-ն կոալիցիայի մեջ էր: Ես դա չեմ ասում, որ մտածեք թե ՀՅԴ ուզում է կոալիցիա գա: Ոչ: Երբ ՀՅԴ-ն ամբողջական իշխանության գա , էդ ժամանակ աղքատությունն էլ կհաղթահարվի, ամեն ինչն էլ կարվի”:
ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը թարմացրեց նախկին կոալիցիան գործընկերոջ հիշողությունը նշելով , որ այդպես “գունագեղ” ներկայացվող ժամանակահատվածում էլ, ողջ քաղաքական պատասխանատվությունը կրել է ՀՀԿ-ն. “Էն ժամանակ էլ քաղաքական պատասխանատվությունը “Հանրապետականն” էր կրում, եթե ձեր հիշողության մեջ կարճատեւ կորուստ կա, ձեր խոնարհ ծառան էն ժամանակ կառավարությունում էր”: Վարդան Այվազյանի` ժամանակին կառավարության անդամ լինելու մասին հիշեցումն Արծվիկ Մինասյանն անարձագանք չթողեց ու ռեպլիկ արեց.”Որին ներկա կառավարությունը 2 դրեց”:
“Դա հարցի 2-րդ կողմն է, դա թողնենք մեր փոխհարաբերություններին: Երկուս չի կարող գնահատել ոչ մեկը, միայն ձեր գնահատականը կարող է լինել մինուս 2: Որեւէ դեպքում ներկայիս կառավարությունը նախկին կառավարությանը չի ներկայացրել որպես ձախողված կառավարություն: Չկա նման հայտարարություն, ձեր ասածը խեղաթյուրում է ամբողջ միտքը: Ես հստակ հայտարարում եմ` ներկայիս կառավարությունը հանդիսանում է նախկին կառավարության իրավահաջորդը, դա հայտարարել է բոլոր տեղերում եւ հանդիսանում է նախկին կառավարության տնտեսական քաղաքականության շարունակողը, որին որ դուք գովաբանում եք, որի կոալիցյաի անդամ եք եղել”,-Արծվիկ Մինասյանին հակադարձեց Վարդան Այվազյանը ու հավելեց. ”ՀՀԿ-ն ունենալով բացարձարկ մեծամասնություն, իշխանական բոլոր լծակները կիսել է իր գործընկերների հետ` ստեղծելով համայն հասարակության համաձայնություն, հիմա կոալիցիայից դուրս եկաք, հականալի է ձեր մոտեցումը” :