Ռուբեն Հայրապետյանը նորմալ խնդրեց. Շահենը սալջարդ ունի
Երեկ Հայաստան- Դանիա ֆուտբոլային խաղի ժամանակ Շանթ Հարությունյանի որդու՝ Շահեն Հարությունյանի և ոստիկանների միջև կրկին միջադեպ է տեղի ունեցել:
Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Շահենը նշեց, որ միջադեպի հիմնական մեղավորները ոստիկաններն են:
Նրա փոխանցմամբ` ֆուտբոլի մեկնարկից դեռ 40 րոպե առաջ իրեն հանդիպելու և զրուցելու առաջարկ է արել ՀՖՖ-նախագահ Ռուբեն Հայրապետյանը : Շահենը հանդիպել է Ռուբեն Հայրապետյանին:
«Ինձ նորմալ խնդրեց, որ անցյալ անգամվա նման ակցիա չանեմ ու չխափանեմ ֆուտբոլային խաղը, պատճառ բերելով, որ Ֆուտբոլի ֆեդերացիային տուգանում են»,-պատմեց Շահենը:
Շահենի փոխանցմամբ` ինքը գնացել էր ֆուտբոլային խաղը դիտելու և խաղը խանգարելու և ակցիա անելու նպատակ չի ունեցել:
Շահենի խոսքով ՝ առաջին խաղակեսը հանգիստ է անցել, ոստիկանների հետ որևէ խնդիր չի եղել. «Առաջին խաղակեսը առանց միջադեպի է անցել, ընդմիջման ժամանակ ամեն ինչ սրվեց և լարվեց: Ուզում էինք գնալ հյութ գնելու, դարպասից բոլորը դուրս էին գալիս, իսկ ոստիկանները մեզ թույլ չտվեցին, ու այլ ելք ցույց տվեցին: Էդ ուրիշ ելքից ուղարկում էին նույն տեղը, մի խոսքով՝ ոստիկանները մեզ հետ մուկն ու կատու էին խաղում: Հետո ոստիկանները, քաղաքացիական հագուստով անձինք ինձ շրջապատեցին ու հրելով հեռացրեցին ստադիոնից: Հրելով մի քսան աստիճան մի կերպ իջանք, ոտքս ոլորվեց»,-պատմեց Շահեն Հարությունյանը:
Շահենին տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ պարզվել է, որ ոտնաթաթի սալջարդ ունի:
Հիշեցնենք, Եվրո-2016-ի ընտրական փուլի Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային խաղի ժամանակ Շահենը անակնկալ մտավ խաղադաշտ: Ոստիկանները կարողացան հեռացնել և բերման ենթարկել տղային: Բողոքի նման ակցիա անցկացնելու պատճառով ՝ ՀՖՖ-ն կարող է տուգանվել 80-130 հազար եվրոյով:
Հիշեցնենք նաև, որ Շահեն Հարությունյանը «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի որդին է,որը 2013 թվականի նոյեմբերի 5-ին զանգվածային անկարգություն հրահրելու մեղադրանքով դատապարտվեց 6 տարվա ազատազրկման: 4 տարվա ազատազրկման դատապարտվեց անչափահաս Շահեն Հարությունյանը: