Բենզալցակայաններն ու գազալցակայանները բացահայտ խաբում են
ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի եւ սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչությունը ստուգումների արդյունքում լուրջ խախտուներ է հայտնաբերել բենզալցակայաններում ու գազալցակայաններում (ԱԳԼՃԿ-երում): Այդ մասին այսօր լրագրողներին հայտարարեց տեսչության նորանշանակ պետ Լեւոն Խալիկյանը:
Մասնավորապես, բենզալցակայաններում ռեգուլյար մակնիշի բենզինը վաճառել են որպես պրեմիում եւ սուպեր: Նման խախտման համար միայն Երեւանում վերջին 3 ամսում` 4 բենզալցակայան է փակվել: Սակայն Լ. Խալիկյանը վստահեցրեց, որ բենզալցակայանները գոնե բենզինը պակաս չեն լցնում:
Ինչ վերաբերում է գազալցակայաններին, ապա նրանց հիմնական “մեղքը” բաշխիչ աշտարակների բացակայությունն է, որի առկայությունը թույլ կտա սպառողին` հետեւել լիցքավորման ընթացքին:
Ըստ Լ. Խալիկյանի` 370 գազալցակայաններից առայժմ միայն 150-ում են տեղադրվել նման աշտարակներ: Լեւոն Խալիկյանը, չտեղադրողներին էլ “սպառնաց”, որ նախ կտուգանվեն 100 հազ. դրամով, իսկ եթե օրենքի պահանջը այնուամենայնիվ չկատարեն` կկասեցվի գործունեությունը: