Հատված անտառները կվերականգնվեն
2011 թվականին արձանագրվել է ապօրինի հատման 2 հազար 425 դեպք, 2010-ի` 2 հազար 520 փոխարեն: Այս մասին ասաց “Հայանտառ” ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը լրագրողների հետ հանդիպմանը: Ըստ նրա` Ամանորին ապօրինի հատման միայն մեկ դեպք է գրանցվել Ջաջուռում` կտրվել են 28 սոճիների գագաթները: Կարգազանցներն էլ հայտնաբերվել են:
Գլխավոր անտառապահի խոսքով, վերջին 20 տարում Հայաստանի անտառները շատ են տուժել: Բայց չկա չարիք առանց բարիքի, եւ որոշ տեղեր, մասնավորապես Գուգարքի տարածաշրջանում կտրված անտառի փոխարեն եիրտասարդ անտառ է բարձրանում:
Խոսելով Թեղուտի խնդրի մասին, ապա ըստ Ռուբեն Պետրոսյանի, դրանց տեղը ավելի շատ ծառեր են տնկվելու: “Vallex”-ը, ըստ անտառապետի, պարտավոր չէ հատված տարածքներում նոր անտառներ հիմնել, բայց այնուամենայնիվ նախատեսվել է վերականգնել 357 հա անտառային տարածք, որից 220 հա արդեն ծառապատված է ընկերության կողմից:
“Անտառների պաշտպանության համար տեխնիկական, ֆինանսական մի շարք միջոցառումներ են հարկավոր, նաեւ մասնագետների վերապատրաստում եւ անտառավերականգման ծրագրերը պիտի շատանան”,- նշեց նա:
Նախորդ տարի, գլխավոր անտառապետի տեղեկացմամբ, 810 հա անտառային տարածք է հրդեհվել: Դրանց պատճառը հիմնականում գյուղացիների կողմից հողատարածքների այրումն է: Գլխավոր անտառապահը խոսեց նաեւ անտառվերահսկողության ոլորտում օրենքի անկատարության, անտառներ վերականգմնան եւ միջազգային կառույցների հետ համագործակցության մասին: