Կադրային փոփոխություն` Հրազդանի քաղաքապետի ընտրություններից առաջ
Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արմեն Վանցյանը:
Հետաքրքիր է, որ նա Ալիկ Սարգսյանի կադրը չէր եւ նրան նշանակել էր հենց ինքը` Վովա Գասպարյանը: Արմեն Վանցյանին փոխարինելու է ոստիկանության Երեւանի Նոր Նորքի բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանը:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, մոտ 40 րոպեից նոր պետը ներկայացվելու է Կոտայքի ոստիկաններին: Չի բացառում, որ Վաթյանը ոչ թե ուղարկվի կադրերի ռեզերվ, այլ դառնա Նոր Նորքի ոստիկանապետը:
Այս փոփոխությունը հետաքրքիր է նրանով, որ արվեց փետրվարի 12-ին կայանալիք Հրազդանի քաղաքապետի ընտրություններից առաջ: Հիշեցնենք, որ այստեղ հիմնական պայքարը ծավալվելու է Հրազդանի նախկին քաղաքապետ, նախկին հանրապետական, մարտի 1-ի դեպքերից հետո ազատազրկված Սասուն Միքայելյանի եւ ներկայիս քաղաքապետ, ՀՀԿ անդամ Արամ Դանիելյանի միջեւ: