“Եղնիկներում” ծառայած Ժորա Մկրտչյանի գործով` 2 զինծառայողի խափանման միջոցը փոխվել է

Ինչպես Henaran.am-ին տեղեկացրեց ՀՀ ՊՆ քննչական վարչության հասարակության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը, “Եղնիկներ” զորամասում առողջության պատճառով հետագա զինծառայության համար ոչ պիտանի ճանաչված Ժորա Մկրտչյանի գործով նախաքննությունը շարունակվում է: Հիշեցնենք, որ Ժորա Մկրտչյանին նրա ծառայակիցները ծեծել էին եւ նվաստացրել, ինչի արդյունքում նա 2011թ-ի սեպտեմբերից մինչեւ դեկտեմբեր բուժվեց Երեւանի կայազորի զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքում:
Սերժանտ Վաչիկ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասով (Զինծառայողին վիրավորանք հասցնելը, որը կատարվել է ստորադրյալի կողմից պետի, ինչպես նաեւ պետի կողմից ստորադրյալի նկատմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ), շարքայիններ Ալբերտ Առաքելյանին ու Մովսես Բադալյանին՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով (Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություն գործադրելով): Նրանց նկատմամբ խափանման միջոց ընտրվել էր հրամանատարության հսկողության տակ գտնվելը:
Ինչպես Henaran.am-ին ասաց Մերի Սարգսյանը, խափանման այդ միջոցը շարունակվում է կիրառվել միայն Մովսես Բադալյանի նկատմամբ: Վաչիկ Գրիգորյանն ու Ալբերտ Առաքելյանը զորացրվել են, եւ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: