Պուտինի ճնշման արդյունավետությունը Սերժ Սարգսյանի վրա ավելի քիչ կլինի
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանն` անդրադառնալով նախօրեին Սոչիում կայացած Մեդվեդև-Սարգսյան-Ալիև եռակողմ հանդիպմանն առանձնացրեց մի քանի գործոն:
Քաղաքագետի կարծիքով, այդ հանդիպումը Մեդվեդևի միջնորդությամբ վերջին հանդիպումն էր, և այդ առումով Հայաստանը պետք է փոփոխություններ ակնկալի:
‘’Սակայն եթե Պուտինը հաղթի նախագահական ընտրություններում, նրա կողմից Հայաստանի վրա ճնշման արդյունավետությունը ավելի քիչ կլինի’’,- ասաց Ռիչարդ Կիրակոսյանը:
Կիրակոսյանի համոզմամբ` Պուտինի մոտեցման ոճը տարբերվում է Մեդվեդևի ոճից. Պուտինը Մեդվեդևի համբերությունը չունի, նրա ոճը հետևյալն է` մի սենյակում հավաքել նախագահներին և նրանց վրա ճնշում գործադրել:
Ռիչարդ Կիրակոսյանը կարծիք հայտնեց, որ նախկին նախագահ Ռ. Քոչարյանը ընկերական հարաբերություններ ուներ Պուտինի հետ` ի տարբերություն Սերժ Սարգսյանի, ահա ինչու Ռուսաստանի ճնշումը Հայաստանի վրա արդյունավետ չի լինի:
Քաղաքագետի գնահատմամբ` Սոչիում նախագահների եռակողմ հանդիպման անհրաժեշտությունը նպատակ ուներ կասեցնելու Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունը: Եռակողմ հանդիպումը, ըստ փորձագետի` ցույց տվեց, որ Մոսկվան հիասթափված է Ադրբեջանի “մաքսիմալիստական” մոտեցումներից, երբ վերջիններս ուզում են ‘ամեն ինչ և ավելին’, ինչը սակայն, դիվանագիտական մոտեցում չէ:
‘Ադրբեջանից եկող վտանգը դա վտանգ է թույլ և անկայուն երկրից: Դրա վառ ապացույցն այն է, որ մի քանի օր առաջ ադրբեջանցի պրոֆեսիոնալ պայմանագրային զինծառայողը գերի հանձնվեց Արցախյան բանակին’,- հավելեց Ռիչարդ Կիրակոսյանը: “Հայաստանի արտաքին քաղաքականությունը շարունակում է ուժեղանալ և ամրապնդվել, և Հայաստանը դառնում է ավելի շատ ռազմավարական արժեք ներկայացնող երկիր”,-եզրափակեց “Հենարան ակումբի բանախոսը: