Զրոյական օգուտ ՀԱԿ-ից
‘Ցանկացած կուսակցության ցանկացած կոնսուլտացիա իր մեջ պարունակում է PR տարրեր, դա միանշանակ է’,-Henaran.am-ի հետ զրույցում ՀԱԿ-ի ու ՀՅԴ-ի կոնսուլտացիաների մասին նման տեսակետ հայտնեց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը: Վերջինս դրանք PR տեխնոլոգիաներ է դիտարկում նաև այն պատճառով, որ այդ քաղաքական կոնսուլտացիաները սկսվեցին նախագահական ընտրությունների նախաշեմին:
Իհարկե, սա չի նշանակում, որ դրանք միայն PR-ի կամ քաղաքական խաղերի համար են արվում` ըստ քաղտեխնոլոգի: ‘ՀԱԿ-ի երեկվա առաջարկը չանցավ, նրան դեմ էր ՀՀԿ-ը և նրան կցված ՕԵԿ-ը, սակայն բնական էր, որ դա չանցավ’,-նկատեց Բադալյանը: Հարցին, թե արդյոք ՀԱԿ-ի այս նախաձեռնությունը ինչ-որ դրական ազդեցություն է ունենալու հասարակության վրա, Բադալյանը պատասխանեց. ‘Այս պահի դրությամբ ՀԱԿ-ի այս նախաձեռնությունը զրոյական օգուտ տվեց: Սակայն հետագայում, եթե ԵԱՀԿ-ի, ԵԽԽՎ-ի կողմից արձագանք լինի, միգուցե որևէ օգուտ տա: Ընդամենը 1-2 օր է էլ անցնի, ու եթե նրանք կտրուկ չարձագանքեն և չպարտադրեն ընդունել ՀԱԿ-ի օրենսդրական այս փաթեթը, ապա կարող ենք ասել, որ դա դրական արդյունք չունեցավ’: Հիշեցնենք, որ ՀԱԿ-ը ‘Ընտրական օրենսգրքում’ մի շարք փոփոխությունների փաթեթ էր ներկայացրել և դրանք քննարկելու նպատակով արտահերթ նիստ կազմակերպելու ստորագրահավաք անկացրել, սակայն նիստը չկայացավ:
Քաղտեխնոլոգը բնական է համարում, որ ՀՅԴ-ը ևս նախընտրական այս շրջանում առաջ է քաշում խորհրդարանական կառավարմանն անցնելու մասին իր առաջարկներն ու դրանց վերաբերյալ կոնսուլտացիաներ անցկացնում: Բնական է նաև, որ ՀՅԴ-ը կարող է սատարել իր առաջարկներն ընդունող քաղաքական ուժի թեկնածուին: Սակայն Բադալյանը քիչ հնարավոր է համարում, որ գործող նախագահի կողմից կընդունվի ՀՅԴ-ի առաջարկները, քանի որ ՀՀԿ-ը, ինչպես արդեն հայտարարել է, պատրաստվում է նախագահական ընտորւթյուններին, և դրանք ազատ ու արդար անցկացնելուն և խորհրդակցությունների համար հիմա ժամանակ չունի: