22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Վանո Սիրադեղյանն առաջարկեց իրեն նշանակել վարչապետ` Քոչարյանի փոխարեն. հրաժարականից 14 տարի անց

Լեւոն Տեր-Պետրոսյան

“Սիրելի հայրենակիցներ, իշխանության ձեզ հայտնի մարմինների կողմից ինձ ներկայացվել է հրաժարականի պահանջ: Նկատի ունենալով, որ ստեղծված իրավիճակում նախագահի սահմանադրական լիազորությունների կիրառումը հղի է երկրի ապակայունացման լուրջ վտանգով, ես ընդունում եմ այդ պահանջը եւ հայտարարում իմ հրաժարականը”, -14 տարի առաջ 1998-ի փետրվարի 3-ին հայտարարեց Հայաստանի առաջին նախագահ  Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Նրա հետ հեռացավ նաեւ ՀՀՇ-ի քաղաքական թիմը: Կենտրոնական բանկի այն ժամանակվա նախագահ Բագրատ Ասատրյանը համաձայն չի այն տեսակետի հետ, թե “իշխանությունը վախից հրաժարական տվեց”:

Բագրատ Ասատրյան

Բագրատ Ասատրյան

“Վախկոտներն, ընդհակառակը ամեն կերպ կպահեն իշխանությունը”, -Henaran.am-ի հետ զրույցում ասաց Բագրատ Ասատրյանը: Ինքն անձամբ մտածում էր, որ Հայաստանի ապագայի նկատմամբ դա քաղաքական ճիշտ քայլ էր, բայց տարիների հեռվից հիմա գտնում է, որ ճիշտ չէր:

Նոր ուժերը չօգնեցին Հայաստանի զարգացմանը: Պատճառների մասին, ըստ Բագրատ Ասատրյանի՝ չարժե խոսել, շատ է ասվել: “1998թ-ին մեր երկիրը այլ կերպ էինք պատկերացնում, տնտեսությունը զարգացած, իսկ հիմա օլիգարխների երկիր է դարձել”,-ասաց Բագրատ Ասատրյանը` պարզաբանելով, թե ինչու է Լեւոն Տեր-Պետրոսյանը շարունակում պայքարը:

ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը չցանկացավ խոսել: ” Նախ ծավալուն թեմա է, եւ հետո էլ հետաքրքրված չեմ”,-ասաց :

Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Խոսրով Հարությունյանն էլ ասաց, որ շատ խորն ու մտորելու թեմա է, բայց այնուամենայնիվ, փորձեց վերհիշել:

Այն ժամանակվա վարչապետ Ռոբերտ Քոչարյանի խորհրդական Խոսրով Հարությունյանի կարծիքով՝ իշխանափոխությունը սկսվեց ԱԺ-ում: ԱԺ “Հանրապետություն” միավորումից մեկ օրվա մեջ դուրս եկան մեծ թվով պատգամավորներ եւ միացան “Երկրապահին”:

Խոսրով Հարությունյան

Խոսրով Հարությունյան

“Եթե չեմ սխալվում, 1997թ-ի սեպտեմբերին, Էդուարդ Եգորյանը` Դավիթ Շահնազարյանի աջակցությամբ առաջարկեց վերացնել ԱԺ-ի կանոնակարգի այն դրույթը, որով համամասնական ընտրակարգով ընտրվածներին պարտադրվում էր դառնալ համանուն ֆրակցիայի անդամ:

Իսկ դուրս գալու դեպքում պետք է վայր դնեին մանդատները: Հակասություն առաջացավ ՀՀՇ-ի եւ Էդուարդ Եգորյանի միջեւ, ու լարվածություն ստեղծվեց”,-պատմեց Խ. Հարությունյանը: Իսկ գլխավոր թեման հրաժարականի` Ղարաբաղյան խնդիրը փուլ առ փուլ լուծելու տարբերակն էր:

Իրավական առումով, Լեւոն Տեր-Պետրոսյանը կարող էր պահել իշխանությունը եւ փուլ առ փուլ քննարկել Ղարաբաղյան հիմնախնդիրը:  “Նույնիսկ Վանո Սիրադեղյանն առաջարկեց իրեն նշանակել վարչապետ` Ռոբերտ Քոչարյանի փոխարեն, ինչը օրենսդրությամբ էր եւ կառավարման բոլոր լծակները իրենց ձեռքում կլինեին: Սակայն հանրապետության առաջին նախագահը չգնաց այդ քայլին”,-ասաց Խ. Հարությունյանը:

Այնուամենայնիվ, Տեր-Պետրոսյանը պահանջեց բոլոր պատասխանատուների համաձայնությունը` քաղաքական հարցի`Արցախի համար, որը չկար: “Միայնակ գնալ այդ քայլին եւ դառնալ միանձնյա, դա կհանգեցներ քաղաքական եւ ոչ քաղաքական բախումների: Ուստի հեռացավ Լ. Տեր-Պետրոսյանը՝ պատասխանատվությունը  թողնելով  այն ուժերին, որոնք համաձայն չէին նրա հետ”,-եզրափակեց Հարությունյանը:

Ի դեպ, քաղաքական գործիչներից եւ ոչ մեկը չցանկացավ գնահատական տալ առաջին նախագահի հրաժարականին: “Ճիշտ թե սխալ` որակումներ չպետք է տալ, մարդը տվյալ պահին այդպես նպատակահարմար գտավ”,-ասացին նրանք:

Արմեն Դավթյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ