Սոցիալական պաշտպանության ոլորտի բյուջեն իրատեսական է. նախարար
2013թ սոցիալական պաշտպանության ոլորտի բյուջեն ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը իրատեսական է համարում: “Այսօր ոլորտում իրականացվող բոլոր ծրագրերի համար հատկացված են միջոցներ: Չի իրականացվում որեւէ ծրագրի կրճատում”,-ասաց նախարարը, անդրադառնալով Henaran.am-ի այն դիտարկմանը, թե բյուջեի քննարկումների ժամանակ պատգամավորների կողմից մատնանշվեց այն փաստը, որ ոլորտում ավելացումներ չկան:
Արտեմ Ասատրյանի խոսքով, 2009թ-ին կառավարությունը սոցիալական ոլորտի բյուջեն կազմելիս ընդլայնողական քաղաքականությամբ առաջնորդվեց` բարձրացվեցին նպաստները եւ կենսաթոշակները, իսկ ճգնաժամից հետո այդ չափերը պահպանվեցին:
Ինչ վերաբերվում է ոլորտի հատկացումների ավելացմանը, կառավարության միջնաժամկետ ծրագրով ավելացումներ նախատեսված են 2014 թվականի համար: Այս տարվա համեմատ 2013թ սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը պահպանվել են նույն մակարդակում: Կառավարությունը բյուջեից ոլորտին նախատեսում է տրամադրել 3 միլիարդ 206 միլիոն դրամ:
Նախարարը նշեց, որ շուրջ 17 տոկոսի չափով ավելացել են հատկացումները զոհված զինծառայողների ընտանիքներին: Մյուս ուղղություններով հատկացումների փոփոխություններ նախատեսված չեն:
Արդյո՞ք հատկացված միջոցներով կառավարությունն ի վիճակի է մեղմել երկրում աղքատության մակարդակը եւ հատկապես խոցելի խավերի սոցիալ-տնտեսական ծանր վիճակը, ինչի մասին մշտապես խոսում են կառավարության քննադատները:
Henaran.am-ի այս հարցին Արտեմ Ասատրյանը պատասխանեց. “Սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող ծրագրերն առաջին հերթին ուղղված են սոցիալապես խոցելի խավերին եւ հենց այդ ծրագրերի միջոցով է հիմնականում մեղմվում նաեւ այդ խավերի այսօրվա սոցիալ-տնտեսական ծանր վիճակը”,-նշել է նախարարը եւ հավելել.
“Եթե դուք նայեք այսօրվա տնային տնտեսությունների վիճակագրական տվյալները, կտեսնեք նաեւ այս ծրագրերի հասցեականության գնահատականը, թե որքանով են նվազեցնում սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող երկու խոշոր ծրագրերը` կենսաթոշակները եւ նպաստները աղքատության մակարդակը երկրում”:
Նախարարի խոսքով, խնդիրն այս միջոցներն ավելի հասցեական եւ նպատակային օգտագործելն է, ինչը ըստ նրա, նորմալ իրականացվում է: Արտեմ Ասատրյանից հետաքրքրվեցինք, իր կարծիքով աշխատավարձերի բարձրացումը 2500 դրամով իրականում կարո՞ղ է սոցիալական խնդիր լուծել:
“Իհարկե, շատ ավելի մեծ չափով բարձրացնելու ցանկությունը բոլորինս է եւ առաջին հերթին նաեւ սոցիալական հարցերի նախարարինը, մյուս կողմից այն բոլոր ծախսերն ու ծրագրերը, որոնք իրականացվում են պետական բյուջեի միջոցներով, դրանք մեկ ամբողջություն են: Կան եկամուտներ, ծախսեր եւ դրանց բաշխման առաջնահերթություններ:
Եթե նկատի ունենանք, որ այս եւ 2013թ. պետական բյուջեում ամենամեծ խնդիրը կազմում է սոցիալական ոլորտին հատկացվող ծախսերը, հասկանալի է, որ սրանով իշխանության վերաբերմունքն է դրսեւորվում, թե որն է կարեւոր:
Միեւնույն ժամանակ, հասկանալի է, որ կան ծրագրեր նաեւ տարբեր ոլորտներում` պաշտպանության, առողջապահության, կրթության, որոնք եւս պետք է իրականացվեն, եւ առկա ռեսուրսների շրջանակներում կարծում եմ, որ օպտիմալ չափաբաժիններ են ընտրված”:
Ինչ վերաբերվում է գնահատականներին, թե ներկայացված բյուջեն պարզապես գոյատեւման բյուջե է /ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի գնահատականն է/, Արտեմ Ասատրյանն ասաց. “Յուրաքանչյուրն ունի իր կարծիքն արտահայտելու հնարավորություն եւ հայտնում է”: