23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սոցիալապես անապահով եւ հատուկ խմբերում ընդգրկված անձանց դեղերի համար կհատկացվի 4 մլրդ դրամ

Նոյեմբերի 1-ին ԱԺ առողջապահության, մայրության, մանկության հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջատեյին հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Արա Բաբլոյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ շարունակվեցին “ՀՀ 2013 թ. պետական բյուջեի մասին” ՀՀ օրենքի նախագծի՝ առողջապահության ոլորտին վերաբերող քննարկումները:

ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը ներկայացրեց 2013թ. նախատեսվող ֆինանսական հատկացումները՝ նշելով, որ 2013թ. պետական բյուջեի նախագծով առողջապահության ոլորտի ծախսերը կկազմեն 70,3 մլրդ դրամ, որը 5,1 մլրդ դրամով ավել է 2012թ-ին հատկացված միջոցներից:

Ֆինանսների փոխնախարարի տեղեկացմամբ՝ 2013 թ. պետական բյուջեի նախագծով արտահիվանդանոցային ծառայություններին նախատեսվում է տրամադրել 23 մլրդ 910 մլն դրամ, հիվանդանոցային ծառայություններին՝ 27 մլրդ 256 մլն դրամ, հանրային առողջապահական ծառայություններին՝ 3 մլրդ 159 մլն դրամ, “Առողջապահական հարակից ծառայություններ եւ ծրագրեր” խմբին՝ 11,2 մլրդ դրամ:

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը ներկայացրեց առողջապահության ծրագրային քաղաքականությունը՝ նշելով, որ 2013 թվականի պետական բյուջեով ծրագրված է իրականացնել 50 առողջապահական ծրագրեր, որոնց աճը 2012 թվականի համեմատ կկազմի 7.8 %: Կառուցվածքային առումով պլանավորված ծախսերի 73 %-ը ուղղվելու է արտահիվանդանոցային եւ հիվանդանոցային ծառայությունների փոխկապակցված զարգացմանը: Կարեւորվելու է առողջապահական ծրագրերի արդյունավետության, նպատակաուղղվածության, հասցեականության մակարդակի բարձրացումը: Այդ նպատակով 2013 թվականին ընդլայնվելու են պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման ֆինանսավորման մեխանիզմների բարեփոխման, ոլորտի ֆինանսական հոսքերի կառավարման, արդյունավետության բարձրացման քայլերը, ինչը հնարավորություն կտա կանոնակարգել եւ առավել կանխատեսելի դարձնել բուժօգնության եւ սպասարկման համար ազգաբնակչության կողմից կատարվող ծախսերը, լեգալացնել առկա ստվերային վճարները, թափանցիկ դարձնել ֆինանսական հոսքերը, եւ դրանք հստակ մեխանիզմներով ուղղել բուժանձնակազմի աշխատավարձերի բարձրացմանը:

Դումանյանի խոսքով՝ 2013-ին առողջապահության ոլորտի հիմնական թիրախը շարունակելու է մնալ բուժօգնության առաջնային օղակի զարգացումը, ինչի համար պլանավորված է ծախսել 24 մլրդ դրամ: Ամբուլատոր պոլիկլինիկական օղակում պլանավորված է մշակել Հայաստանում առավել բարձր մահացության բերող սրտանոթային, ուռուցքաբանական եւ շաքարային դիաբետի վաղ հայտնաբերման մի շարք ծրագրեր, որոնք կուղեկցվեն առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բուժանձնակազմի կատարողականի վրա հիմնված խրախուսական վարձատրության համակարգի ներդրմամբ:

Նախատեսվում է Արմավիրի, Արարատի, Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու մարզերի 13 համայնքներում կառուցել նոր ամբուլատորիաներ:

Սոցիալապես անապահով եւ հատուկ խմբերում ընդգրկված անձանց անհրաժեշտ դեղեր ապահովելու նպատակով կհատկացվի 4 մլրդ դրամ, ընդ որում՝ հոգեկան հիվանդությունով տառապող անձանց, չարորակ նորագոյացությունների, շաքարային եւ ոչ շաքարային դիաբետի բուժման համար ձեռք են բերվելու նոր սերնդի դեղեր:

Դերենիկ Դումանյանը նշեց, որ Երեւանում եւ մարզերում կատարելով միեւնույն հատկացումները՝ 2013-ին ակնկալվում է մարզերից Երեւան հոսքի կրճատում, ինչը կապահովի բյուջետային միջոցների տարածքային համաչափ բաշխում:

2013-ին կկառուցվեն Վանաձորի, Մեղրու բուժկենտրոնները, իսկ Աբովյանի, Ղափանի, Բերդի եւ Ալավերդու բժշկական կենտրոնները կվերանորոգվեն եւ կվերազինվեն ամբողջությամբ:

Երեւանում կսկսվեն օնկոլոգիական նոր կենտրոնի շինարարության եւ հեմատոլոգիական կենտրոնի վերանորոգման եւ վերազինման աշխատանքները, որի համար կտրամադրվի 10 մլրդ դրամ:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ