26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

“Ի՞նչ կասեիք` եթե ձեր իսկ ակնոցը վերցնեի ու նվիրեի ձեզ”. Շարմազանովը` գերմանացի լրագրողներին

Այսօր  ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է գերմանացի լրագրողներ Ռիխարդ Քիսլերին և Կնութ Թեսկեին, որոնք Հայաստան են ժամանել ծանոթանալու ԼՂՀ հիմնախնդրի լուծման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշմանը, կոնֆլիկտի պատճառներին ու դրանց լուծման հնարավոր տարբերակներին, երկրի սոցիալ-տնտեսական և քաղաքական իրավիճակին:

Է.Շարմազանովը գոհունակություն հայտնեց, որ եվրոպացի լրագրողները  առկա  հիմնախնդիրները հասկանալու եւ լուսաբանելու համար անձամբ են այցելել տարածաշրջան ի տարբերություն ոմանց, որոնք թվացյալ դատողություններ են անում չիմացած բաների մասին: Միայն թե հարգարժան լրագրողներն  էլ պետք է պատասխանատվություն դրսևորեն` փաստերը ներկայացնելով անաչառ ու անկողմնակալ:

Գերմանացի լրագրողները տեղեկացրին, որ նախորդ տարի իրենք եղել են Ադրբեջանում, այժմ Հայաստանում են, իսկ հաջորդ օրը մեկնելու են Լեռնային Ղարաբաղ` ամբողջական պատկերացում կազմելու առկա իրավիճակի մասին:

Իրենք գրում են գերմանական հանրահայտ թերթերի համար և անցկացնում ինտերնետային ֆորումներ: Եվ այս ամենը նրա համար, որ գերմանացիները հասկանան, թե ինչու է ԼՂ հիմնախնդիրը դժվար լուծելի: Նրանց գնահատմամբ` եվրոպայի համար այս տարածաշրջանի նշանակությունը մեծ է, իսկ կոնֆլիկտային իրավիճակը` պայթյունավտանգ:

Միաժամանակ իրենք հասկանում են, որ Հայաստանը ‘դժվար’ հարևաններ ունի, բայց կարծում են, որ հակամարտության կողմերի դիրքորոշումները կարելի է մոտեցնել, փոխվստահություն սերմանել տնտեսական համագործակցության միջոցով: Նրանց տեղեկացմամբ` ադրբեջանցիները կողմ են արտահայտվել տնտեսական համագործակցությանը:

Է.Շարմազանովի գնահատմամբ` խոսքի ու գործի հակասությունը, ինչպես միշտ, այս անգամ էլ հատուկ է ադրբեջանական գործելաոճին: Նրանք ‘քաղաքականություն են խաղում’, այնինչ ինքը փաստերով կխոսի: Ըստ ԱԺ փոխնախագահի` եվրոպացիները շատ լավ պետք է իմանան, որ ժողովրդավարության կարևոր բաղադրիչ է հանդուրժողականությունը: Կարելի՞ է  համագործակցել մի երկրի ղեկավարի հետ, ով ռասիզմ է քարոզում, հոխորտում, թե ռազմական միջոցներով կգրավի Արցախը:

Հայաստանը հարցը խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծելու կողմնակից լինելով` առաջարկում է հարցի լուծման փոխզիջումային տարբերակը, իսկ ադրբեջանի ղեկավարը իրենն է պնդում` նման հռոմեացի Կատոն Ավագի այն կարգախոսին, թե` ‘Կարթագենը պետք է կործանվի’:

Համագործակցության համար պետք է տարրական փոխվստահություն լինի, այնինչ, երբ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը առաջարկեց ձեռնպահ մնալ հարցը ռազմական ճանապարհով լուծելուց և դիպուկահարներին հետ քաշել, նրանք հրաժարվեցին: Ի՞նչ համագործակցության մասին կարող է խոսք լինել, երբ դիպուկահարները օրը ցերեկով կրակում են զինվորների ու խաղաղ բնակչության վրա: Չնայած այս ամենին` Հայաստանը շարունակում է մնալ հարցը խաղաղ ճանապարհով կարգավորելու կողմնակից:

Է. Շարմազանովը ներկայացրեց Ադրբեջանին Ղարաբաղի բռնակցման պատմությունը, Խորհրդային Միության փլուզումից հետո հանրաքվեի միջոցով միջազգայնորեն ընդունված ինքնորոշման սկզբունքի հիման վրա ստացած անկախության, այնուհետև ժողովրդավարացման ընթացքը: ‘Իրավական առումով Ղարաբաղը ունի միջազգայնորեն ճանաչվելու բոլոր հիմքերը’ – հավելեց ԱԺ փոխնախագահը:

Գերմանացի լրագրողների այն հարցին, թե ինչ պետք է անել, եթե Ադրբեջանը չի ճանաչում Ղարաբաղի անկախությունը, պարոն Շարմազանովն ասաց.’Ոչինչ, Ղարաբաղը նվաճել է իր անկախությունը. ոչ թե Ադրբեջանը պետք է ճանաչի Ղարաբաղի անկախությունը, այլ միջազգային հանրությունը, ինչը արել է մի շարք դեպքերում’- և ապա, մատնացույց անելով գերմանացի լրագրողի առջև դրված ակնոցը, հարցրեց,- ես կարծում եմ, որ ոչ մեկը չի վիճարկում, որ դա Ձեր ակնոցն է. ի՞նչ կասեիք, եթե ես վերցնեի ու նվիրեի Ձեզ’: Գերմանացի լրագրողների ժպիտը խոսուն էր,  օրինակը` դիպուկ:

ԱԺ փոխնախագահը, ի պատասխան լրագրողների հարցման, մերժեց նաև Ղարաբաղյան խնդրի կրոնական հիմքեր ունենալու մասին ադրբեջանական կեղծ ու անհիմն մեկնաբանությունները` տեղեկացնելով, որ ոչ միայն Հայաստանը մուսուլմանական բազմաթիվ երկրների հետ բարեկամական հարաբերություններ ունի, այլև մուսուլմանական բազմաթիվ երկրների հայկական գաղթօջախներում մեր հայրենակիցները սերտ համագործակցում են, ավելին` ինտեգրվել են այդ երկրների քաղաքացիական հասարակությանը:

Գերմանացի լրագրողները շնորհակալություն հայտնեցին Է.Շարմազանովին անմիջականության ու անկեղծության համար, իսկ վերջինս հավաստիացրեց, որ Լեռնային Ղարաբաղ այցից հետո կամբողջանան նրանց պատկերացումները հիմնախնդրի վերաբերյալ:

‘Այդ նորանկախ երկրում դուք կտեսնեք չափահաս մի սերունդ, որն ազատ մտածողություն ունի. չի տեսել ու չի ուզում իմանալ, թե ինչ բան է ադրբեջանական իշխանությունը: Նրանք միշտ առաջ են նայում ու շարժվում են առաջ’, -նշեց Էդուարդ Շարմազանովը:

Henaran.am-ին հաղորդում են ԱԺ լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ