28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Հույս ունեմ, որ Շոտլանդիայի օրինակը լավ ազդակ կլինի աշխարհի համար. Կարեն Բեքարյան

‘’Շոտլանդիայի եւ Միացյալ Թագավորության միջեւ ընթանում է շատ քաղաքակիրթ երկխոսություն, որևէ անհադուրժողականություն դիմացինի նկատմամբ, մենք այնտեղ չհանդիպեցինք: Այլ հանդիպեցինք բարդույթներից զերծ հասարակության, որը ազատ խոսում է իր իրավունքներից ու խնդիրներից’’,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Կարեն Բեքարյանը, ով նոր էր վերադարձել Շոտլանդիայից: Նա այնտեղ էր հատուկ ծրագրով` ուսումնասիրելու Շոտլանդիայի` Մեծ Բրիտանիայից անկախանալու գործընթացը:

Կարեն Բեքարյանի խոսքով` Շոտլանդիայի 5 կուսակցություններից 2 իշխող կուսակցությունները կողմ են Շոտլանդիայի անկախացմանը, 3-ը` դեմ: Անկախության կողմնակիցները Շոտլանդիայում մտածում են` եթե անկախացումը կբերի էկոլոգիական խնդիրների լուծման և կանանց իրավունքների և բազմաթիվ ոլորտներում կանանց ներգրավվածության ընդլայնման, ապա կողմ են անկախացմանը: Իսկ դեմ արտահայտվողները մտածում էին, որ հաշվի առնելով Եվրոպայում սկիզբ առած ճգնաժամը, Շոտլանդիային միայնակ դժվար կլինի դիմագրավել դրան, քան Միացյալ Թագավորության կազմում: Քաղաքագետի խոսքով` Շոտլանդիայում շատ մարդիկ դեմ են նաեւ ԵՄ կառույցին`համարելով այն անհատակ հոր, ուր պետությունները փող են լցնում, որի հետքն էլ չի երեւում:

‘Իհարկե շոտլանդական հասարակության մեջ նկատեցինք զգացական էլեմենտը: Բայց զարմանքով արձանագրեցինք, թե որքան հստակ է շոտլանդացիների մոտ սեփական ժողովրդի պատմության եւ մշակույթի հանդեպ հարգանքը, սեփական ինքնատիպության, ազգային ավանդույթների հանդեպ նվիրվածությունը’,- ասաց Կարեն Բեքարյանը` հավելելով, որ Շոտլանդիայում ներկայումս քննարկման փուլում է հանրաքվեի անցկացման ժամկետի հարցը, հանրաքվեին մասնակցելու տարիքային ցենզը, ինչպես նաեւ հանրաքվեյի հարցերի քանակը:

‘Շոտլանդիայի անկախացման գործընթացն ավելի կարեւոր է, քան դրա արդյունքը, քանի որ ոչ ոք չի վիճարկում այդ ժողովրդի անկախ ապրելու իրավունքը, ոչ մեկը մյուսի վրա թուր չի ճոճում, այս առումով ամբողջ աշխարհի համար սա օրինակելի երեւույթ է` քաղաքական բավական բարձր մշակույթի տեսանկյունից’,- ասաց Կարեն Բեքարյանը: Նրա համոզմամբ` առավել կարեւոր է, որ Շոտլանդիայի օրինակը ոգեւորիչ կլինի աշխարհում անկախության ձգտող ժողովուրդների համար:

‘Բարի նախանձ է առաջացնում քաղաքական մշակույթի այն բարձր մակարդակը, որը ցավոք եզրեր չունի Հայաստանի եւ մեր տարածաշրջանի հետ: Դա մտածելու տեղիք է տալիս մեր տարածաշրջանի համար, ի դեպ Միացյալ Թագավորությունն ու Շոտլանդիան միասին են հասել քաղաքական այդ բարձր մշակույթի ձեւավորմանը’,- ասաց քաղաքագետը: Henaran.am-ի այն հարցին, արդյոք Հայաստանը կարող է հասնել քաղաքական այդ բարձր մշակույթին եւ լուծել տարածքային խնդիրները` շրջապատված լինելով նման հարեւաններով, Կարեն Բեքարյանը պատասխանեց, որ Ղարաբաղյան խնդրի առնչությամբ Հայաստանը արդյունք կարող է ակնկալել այն դեպքում, եթե բանակցություններին զուգահեռ բոլոր կողմերի, այդ թվում նաեւ ԼՂՀ մասնակցությամբ, կնքվի համաձայնագիր ուժի կիրառման բացասման եւ անվտանգության երաշխավորության մասին:

‘ Այն ժամանակ, երբ  մարդու իրավունքը առավել կարեւորվի, քան անվտանգության խնդիրը, այդ դեպքում մենք ինքնաբերաբար կմտնենք բանակցությունների քաղաքակիրթ փուլ: Այսօրվա աշխարհը աննկարագրելի բաց է, գործընթացներն էլ աննկարագրելի արագ են ընթանում, եւ ես հույս ունեմ, որ Շոտլանդիայի օրինակը լավ ազդակ կլինի թե Հայաստանի, թե աշխարհի համար’,- եզրափակեց Կարեն Բեքարյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ