Հնարավոր չէ ակնկալել խաղաղություն մի հարեւանից, ով հավակնում է քո տարածքներին. Դավիթ Ջամալյան
‘’Այնպես չէ, որ Ադրբեջանի հավակնությունները մեզ համար անակնկալ էին, անակնկալ էր այն, որ նման հավակնություններին Ադրբեջանը սահմանադրական տեսք է ուզում տալ, եւ այդ ամենը ներդնել իրենց պետականության զարգացման հիմքում’’,- Հենարան մամուլի ակումբում նման տեսակետ հայտնեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:
Հիշեցնենք, որ 3 շաբաթ առաջ Ադրբեջանի խորհրդարանական մի քանի կուսակցություններ ու պատգամավորներ առաջ են քաշել օրենքի նախագիծ, որով պետք է փոփոխություններ կատարվի Սահմանադրության մեջ, եւ իրենց երկիրն վերանվանվի Հյուսիսային Ադրբեջան: Դա իր հերթին ենթադրելու էր, որ գոյություն ունի Արեւելյան Ադրբեջան, որը Իրանի հյուսիսային շրջանն է, եւ Արեւմտյան Ադրբեջան, որը ներառում է ՀՀ տարածքը:
‘Դա իհարկե նոր բան չէ, դեռ Հեյդար Ալիեւն էր դրա մասին ասում, հիմա էլ որդին է ներկայացնում այն, որպես դիրքորոշում’,- ասաց Դավիթ Ջամալյանը:
Նրա համոզմամբ` հնարավոր չէ ակնկալել խաղաղություն եւ նորմալ հարաբերություններ մի հարեւան պետությունից, ով հավակնում է քո տարածքներին:
Ռազմական փորձագետը վստահ է, որ հայկական բանակը մարտունակ է, եւ թույլ չի տա Ադրբեջանին բավարարել ախորժակը, սակայն աշխարհն արագ փոխվում է, եւ ոչ ոք չի կարող ասել, որ աշխարհաքաղաքական զարգացումները ինչ պայթյունավտանգ պահեր կարող են ստեղծել:
‘’Իրատես լինելու համար պետք է ասել, որ այս պահին աշխարհի ուժեղներին ձեռնտու չէ հայ-ադբեջանական պատերազմը, սակայն որոշ ժամանակ հետո խաղացողները կարող են փոխվել, և նրանց ձեռնտու լինի պատերազմը, ահա ինչու մենք պետք է այնպես մշակենք Ղարաբաղյան խնդրի կարգավորումը, որ խոցելի չդառնանք Ադրբեջանի հավակնությունների նկատմամբ’’,- ասաց Դավիթ Ջամալյանը:
Նա կոչ է անում բոլորին սթափ լինել եւ իրատես, քանի որ կա Նախիջեւան, որը անկլավային վիճակում է, եւ Ադրբեջանը առաջին դեմքերի մասշտաբով ուզում է վերացնել այդ անկլավային վիճակը : Եվ պատերազմական վտանգի դեպքում երաշխիք չի կարող լինել, որ Ադրբեջանը Նախիջեւանից չի օկուպացնի Սյունիքը, քանզի դրա մասին բաց տեքստով խոսում են Ադրբեջանի առաջին դեմքերը:
‘’Ով է երաշխավորում, որ միայն միջազգային նորմերին ենթարկելով Ադրբեջանը չի հավակնի հարմար պատրվակի դեպքում վերադառնալ Ադրբեջանական ՍՍՀ սահմաններին: Ուստի մենք մեր համար պետք է մշակենք իրատեսական կոնցեպցիա` միշտ աչքի առջեւ ունենալով Ադրբեջանի նման հավակնությունները: Մենք այնպես պետք է կարգավորենք այդ խնդիրը, որ նման սցենարը բացառվի ու տեղ չունենա’’,- ասաց ռազմական փորձագետը:
Նա չի թաքցնում, որ խորքային առումով միշտ էլ կա պատերազմի վտանգը եւ կլինի տեսանելի ապագայում: Ռազմական փորձագետն առաջ է քաշում արտասովոր վերլուծություն, համաձայն որի խորքային առումով Արցախյան կոնֆլիկտը ոչ թե հայ-ադրբեջանական հակամարտության հետեւանք է , այլ հայ-թուրքական դարավոր հակամարտության:
Դավիթ Ջամալյանի համոզմամբ` որքան կենսունակ ու բնակեցված լինի Արցախը, զարգացած ենթակառուցվածքներով, այնքան դրա հետ հաշվի կնստեն աշխարհի ուժեղ պետությունները:
‘Մենք ունենք իրավական, բարոյական եւ պատմական բոլոր հիմքերը Արցախը կայացնելու, պարզապես տնտեսական քայլերով պետք է ամրապնդենք այդ ամենը’,- եզրափակեց Դավիթ Ջամալյանը: