Պաշտոնական մակարդակով պետք է կոշտ հայտարարություն ուղղել Ֆրանսիային. փորձագետ
‘Ես նախկինում էլ ասել էի, որ եթե Ֆրանսիայի խորհուրդը հակասահմանադրական համարի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, աշխարհի վերջը չի լինի: Այժմ աշխարհի վերջը չէ’,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը՝ հավելելով, որ այս անգամ հաղթեցին թուրքական սպառնալիքները, քաղաքական ճնշումներն ու կաշառքը, ինչը պատիվ չի բերում Ֆրանսիային:
Հիշեցնենք, որ երեկ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական է ճանաչել ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը: Օրինագծին դեմ հանդես եկած խորհրդարանականները, դրա սահմանադրականությունը վիճարկելու նպատակով, դեռ հունվարի 31-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդ դիմում էին ներկայացրել:
‘Իրականում սա միայն թուրքական ճնշումների արդյունք չէ: Սա Թուրքիային սիրաշահելու-չսիրաշահելու, նեղացնելու կամ չնեղացնելու հարց էր, որը պետք էր ոչ միայն Ֆրանսիային: Ասել, թե Սարկոզին խաղ արեց, կարծում եմ՝ ճիշտ չէ:
Ֆրանսիայի նախագահն անլուրջ մարդ չէ, որ այսքան հեռուն գնար: Միաժամանակ, հակառակը փաստելու հիմքեր չունեմ: Սա, երեւի, Սարկոզիի համար քաղաքական իր դիրքորոշումներն արտահայտելու միջոց է’,-ասաց Կ.Մանոյանը:
Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի կարծիքով` Ցեղասպանության հերքումը քրեականացնող հաջորդ երկիրը Գերմանիան լինի:
‘Պետք չէ հուսախաբ լինել: Ավելին` պատշտոնական մակարդակով պետք է կոշտ հայտարարություն ուղղել Ֆրանսիային: Այն, որ ֆրանսիական Սենատը Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին սահմանադրական ուժ չտվեց, դեռ չի նշանակում, որ Ֆրանսիան հերքում է պատմական իրողությունը ‘,- լրագրողներին ասաց Ռուբեն Մելքոնյանը:
Նրա խոսքով` Թուրքիան ուրախություն է ապրում Ֆրանսիայի այդ քայլից, Թուրքիայում ցնծության ակցիաներ են կազմակերպում, հակահայկական միջոցառումներ, ցույցեր անցկացնում, իսկ Ֆրանսիան այդ քայլով սատարում է Թուրքիայի` հակահայկական, հայատյաց քաղաքականությանը: