Կարող եք պառկել …, բերդի պետ չեք … պատգամավորները տաքացան “Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին” օրինագծի քվեարկության ժամանակ
“Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին” նախագծի քվեարկությանը խառնաշփոթ ստեղծվեց խորհրդարանի դահլիճում: ԱԺ ՀՀԿ խմբակցության վերցրած քսան րոպե ընդմիջումից հետո արդեն նիստերի դահլիճում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը հորդորեց լրագրողներին “այս կարեւոր նախագծի քվեարկության ընթացքում ուշադիր լինել եւ ֆիքսել, թե յուրաքանչյուրն իր տե՞ղն է քվեարկում”:
“Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը եւս վարման կարգի վերաբերյալ ձայն խնդրեց ու հայտարարեց, որ այսօր` մարտի մեկին, օրինագիծն այն տեսքով, չպետք է քվեարկության դնել:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ հանդես եկավ վարման կարգի վերաբերյալ ելույթով եւ գործընկերներին հորդորեց չքաղաքականացնել մարտի մեկի զոհերի հիշատակը: Կրքերը չհանդարտվեցին:
Երբ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը փորձեց կազմակերպել քվեարկությունը, ԱԺ “Ժառանգություն” խմբակցության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանն ու Անահիտ Բախշյանն իրենց տեղերից եկան եւ կանգնեցին յուրաքանչյուրն ԱԺ դահլիճի մի հատվածում, որպեսզի կանխեն կեղծ քվեարկության դեպքերը:
ԱԺ նախագահը վերջիններիս հորդորեց զբաղեցնել իրենց տեղերը` նշելով, որ լուսատախտակի վրա քվեարկության պատկերը կպահվի այնքան ժամանակ, որքան հարկավոր է: ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը կրկին վարման կարգի վերաբերյալ ձայն խնդրեց ու հայտարարեց, թե պատգամավորը կարող է “կանգնել, նստել եւ պառկել” դահլիճի այն հատվածում, որտեղ ցանկանում է:
“Պարոն Հովհաննիսյան, ես խորհուրդ չէի տա դահլիճում պառկել”,-արձագանքեց ԱԺ նախագահը: Գալուստ Սահակյանն էլ հղում արեց ԱԺ կանոնակարգ օրենքի քառասունհինգերորդ հոդվածին ու նկատեց.”Էնպես չէ, որ պատգամավորն ինչ ուզի, կարող է անել, կարգ գոյություն ունի”:
ՀՀԿ-ական Մանվել Բադեյանը եւս վարման կարգի վերաբերյալ ձայն խնդրեց ու հայտարարեց, որ պատագամավորը պետք է հարգի իր գործընկերներին: ”Պատգամավորը պետք է հարգի, իր վրա չվերցնի բերդի նադզիրատելի ֆունկցիան, ինձ էլ դնի հանցագործի տեղ: Ես ինձ վիրավորված եմ զգում, խնդրում եմ ինձ չվիրավորել: Կարող եք համեմատել տաբլոյի հետ եւ եթե բողոքելու բան ունեն, բողոքեն: Էս ինչ ա, իրանց նշանակել են բերդի պե՞տ, չեմ սիրում ես բերդի պետերին”:
Մանվել Բադեյանի ելույթին հաջորդեց Ստյոպա Սաֆարյանի ելույթը, վերջինս հիշեցրեց կեղծ քվեարկությունների հայտնի դեպքերի եւ ՀՔԾ-ի կողմից այդ կապակցությամբ ստացված դիմումն ԱԺ-ին ուղարկելու եւ ԱԺ նախագահի համապատասխան որոշման մասին.
”Համարեք, որ պատգամավորներն իրականացնում են Ձեր որոշումը”: ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանն էլ ելույթ ունեցավ վարման կարգի վերաբերյալ եւ հայտարարեց, որ պատգամավորներն իրավունք ունեն կանգնել այնտեղ, որտեղ ցանկանում են: “Իհարկե, տհաճ է զուտ բարոյական առումով, երբ ինչ-որ մեկն ուզում է քեզ վերահսկել”,-նկատեց նա եւ հարցրեց, թե արդյո՞ք պատգամավորները կարող են իրենց քարտերն օգտագործել եւ տեղադրել այլ զլոտի մեջ: Դավիթ Հարությունյանի հարցն անպատասխան մնաց:
Ելույթ ունեցավ նաեւ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը եւ հորդորեց սկսել քվերակությունը, նշելով, որ պատգամավորների` այլ տեղ կանգնելու հանգամանքը չպետք է խոչընդոտի ԱԺ աշխատանքներին: ԱԺ նախագահը ամբիոնի մոտ հրավիրեց հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության փոխնախարար Գրիգոր Մուրադյանին, որպեսզի վերջինս պատգամավորների ներկայացրած առաջարկներն ընդունել-չընդունելու մասին խոսի:
Գրիգոր Մուրադյանը եկավ ամբիոնի մոտ, բայց այդպես էլ նրան ձայն չհասավ: Վարման կարգի վերաբերյալ հերթական ելույթի համար ձայն խնդրեց Տիգրան Թորոսյանն ու հայտարարեց.”Արդեն բազմիցս, հենց հիմա խախտվում է ԱԺ կանոնակարգը: Խնդրում եմ ուշադիր կարդալ կանոնակարգը , որը պահանջում է քսան րոպե ընդմիջումից հետո որեւէ այլ բան չանել եւ կազմակերպել քվեարկությունը:
Ոչ վարման կարգի վերաբերյալ, ոչ հիմնական զեկուցողը, ոչ հարակից զեկուցողը, որեւէ մեկը իրավունք չունի որեւէ բան ասելու, միայն նիստը վարողը պետք է կազմակերպի քվեարկությունը”: ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն այս հայտարարությանն արձագանքեց` ավանդույթներ կան, պարոն Թորոսյան:
Հարցը վերջապես քվեարկության դրվեց եւ 67 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց: “”Ժառանգությունն” ու ՀՅԴ-ն չմասնակցեցին քվեարկությանը: ԱԺ նիստերի դահլիճում քվեարկության պահին 93 պատգամավոր կար: Քվեարկությունից հետո Լարիսա Ալավերդյանը խնդրեց լուսատախտակի վրա պահել քվեարկության արդյունքները, մինչ ԱԺ նախագահը հորդորեց գործընկերներին մնալ դահլիճում, որպեսզի պատգամավորը համեմատի արդյունքները, պատգամավորները սկսեցին լքել ԱԺ նիստերի դահլիճը:
Լարիսա Ալավերդյանն էլ հայտարարեց.”Եկեք այլեւս չխոսենք, թե ովքեր են կեղծարարները”: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եւս վարման կարգի վերաբերյալ ձայն խնդրեց ու հորդորեց կրքերը հանդարտել. ”Եկեք հանգիստ աշխատենք, ենթադրություններով չխոսենք, խոսենք փաստերով: Հարգելի գործընկերներ, մենք շատ հարգալից ենք մոտենում ձեր մտահոգություններին, վարման կարգի վերաբերյալ ձեր ելույթներին, բայց եկեք փաստերով խոսենք` դահլիճում եղել է 68 քվեարկող, եթե կա պատգամավոր, որը կարող էր մեկ ուրիշի փոխարեն քվերակել, ասեք անուններ, ոչ թե ենթադրություններ արեք “:
Սամվել Նիկոյանը հայտարարեց, որ անցնում են հաջորդ հարցին, իսկ մինչ այդ ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանը եւս վարման կարգի վերաբերյալ ձայն խնրեց եւ չստացավ, քանի որ արդեն երկու անգամ ելույթ էր ունեցել: Վահան Հովհաննիսյանը բորբոքված լքեց նիստերի դահլիճը: Պատգամավորները շարունակեցին աշխատանքը արդեն կիսադատարկ դահլիճում: