Ռուբեն Հայրապետյանի որոշումը. հայկական ֆուտբոլի ճակատագիրը
Փետրվարի 28-ին` Սերբիա-Հայաստան ֆուտբոլային խաղից հետո, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը ստիպված էր փակել իր Ֆեյսբուքյան էջը, քանի որ իր իսկ խոսքերով` “գրոհ” էր սկսվել Հայրապետյանի դեմ: Բանն այն է, որ 2:0 հաշվով պարտությունից հետո, Հայրապետյանը սոցկայքի իր էջում գրել էր, որ “տղաների խաղի վրա ստվեր գցեց դարպասապահ Մելիքսեթյանը”:
” Ցավում եմ, բայց դուք նրան այլեւս չեք տեսնի հավաքականի մարզաշապիկով”,-գրել էր Ռ. Հայրապետյանը, ինչին ֆուտբոլասերները այլ կերպ պատասխանեցին: Նրանք պաշտպանում էին դարպասապահին եւ մեղադրում ՀՖՖ նախագահին: Երկրպագուները գտնում են, որ Մելիքսեթյանը լավ է խաղացել, նույնիսկ մի քանի անգամ վտանգավոր հարվածներից փրկել է Հայաստանի դարպասը:
“Գրիգորը բոյով եւ գեղեցիկ դարպասապահ է, ասում են` ապրի, փայլուն բոյ ունի, բայց դարպասապահը բոյով չի որոշվում”,-օրերս մամուլի ասուլիսում նման հայտարարություն արեց Հայրապետյանը:
Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, Իրանի առաջին խմբի “Պեյկան” ակումբում ելույթ ունեցող դարպասապահ, 25-ամյա Գրիգոր Մելիքսեթյանին` Սերբիայի խաղից հետո, Հայրապետյանը կանչում է հյուրանոցի իր նստավայրը` եւ հարցնում, թե ի՞նչու է “անտեղի PR անում սոցկայքերում”:
Միաժամանակ նա առաջարկում է Գրիգորին“ “մոռանալ ֆուտբոլը, քանի որ այլեւս նրան բախտ չի վիճակվի հագնելու ազգային հավաքականի մարզաշապիկը”: Գրիգորը ի պատասխան ասում է, որ ֆուտբոլը չի թողնելու, կզբաղվի իր սիրած մարզաձեւով. այլ հարց է կխաղա՞ ազգային հավաքականում, թե ոչ:
Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում Իրանում գտնվող Գրիգոր Մելիքսեթյանը նախ ասաց, որ ինքը իրավունք չունի մեր հարցերին պատասխանելու, պիտի թույլտվություն վերցնի: Միայն ասաց, որ իր եւ Ռուբեն Հայրապետյանի միջեւ հակասություն չկա:
Հարցազրույցներից մեկում Գրիգոր Մելիքսեթյանն ասել է, որ իր կարիերայի դժվար պահերին նրան քաջալերել եւ աջակցել է հայրը` թույլ չտալով որ ընկճվի եւ զիջի իր դիրքերը: Փորձեցինք զրուցել Գրիգորի հոր` Վաչե Մելիքսեթյանի հետ: Նա Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ իր երազանքն է որդուն լավ ֆուտբոլիստ տեսնելը:
“Ես չգիտեմ ի՞նչն է պատճառը, գուցե նաեւ Գրիգորը մեղավորություն ունի, բայց ես նրան էլի ասացի, որ չհուսահատվի եւ պայքարի անընդհատ: Ի վերջո, նա պիտի կարողությունները ներդնի Հայաստանի ֆուտբոլի զարգացման գործում”,-ասաց Վաչե Մելիքսեթյանը:
Մեր այն դիտարկմանը, որ եթե հանկարծ Հայրապետյանը փոշմանի եւ Գրիգորին հրավիրի ազգային հավաքական` հայրը ի՞նչ խորհուրդ կտա որդուն` ասաց. “Գրիգորը ինքնուրույն մարդ է, ես չեմ խառնվի իր կայացրած որոշումներին: Ինքը թող որոշի”,-ասաց Վ.Մելիքսեթյանը:
Հայաստանում ֆուտբոլի զարգացման հարցով մտահոգ մի քանի հասարակական կազմակերպություն եւ մեծ թվով երկրպագուներ մտադիր են օրերս բաց նամակով դիմել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին` խնդրելով “շախմատից զատ, ուշադրություն դարձնել նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային”: