“Զվարթնոց”-ը ցավում է “Արմավիա”-ի համար եւ մեղադրում նրան
“Արմենիա” միջազգային օդանավակայաններ” ընկերությունը հաղորդագրություն է տարածել, որում անդրադառնում է “Արմավիա”-ի կողմից հայտարարված անժամկետ գործադուլին:
“Արմավիա” ավիաընկերությունն այսօր` մարտի 6-ին, ժամը 06.45-ից դադարեցրել է Երեւան-Մոսկվա եւ Երեւան-Ռոստով չվերթների սպասարկումը` ուղեւորներին հայտարարելով, որ չվերթների սպասարկումը դադարեցվել է օդանավակայանի կողմից սահմանված բարձր սակագների պատճառով:
“Վերոնշյալի առնչությամբ տեղեկացնում ենք, որ Արմավիա ընկերությունը, լինելով ազգային փոխադրող, ի տարբերություն մյուս ավիաընկերությունների օգտվում է մեր ընկերութան կողմից տրամադրված հատուկ սակագներից:
Ավելին, ըստ “Ռոսնավիգացիա” կազմակերպության կողմից ստացված հեռագրի, կուտակված պարտքերի պատճառով “Արմավիա” ավիաընկերությանն արգելվում է թռիչքներ իրականացնել դեպի Ռուսաստան եւ մուտք գործել Ռուսաստանի օդային տարածք:
Ըստ երեւույթին, ավիաընկերության համար թանկ են ոչ միայն Հայաստանում, այլեւ Ռուսաստանում գործող սակագները:
Մեր ընկերությունը բացասական է գնահատում “Արմավիա” ավիաընկերության կողմից անհարիր շահարկումները եւ անհիմն ու կեղծ մեկնաբանությունները եւ ցավում է, որ միակ ազգային փոխադրողը հայտնվել է այսպիսի վիճակում:
Նաեւ տեղեկացնում ենք, որ մյուս բոլոր փոխադրողների կողմից իրականացվող չվերթները կատարվում են ժամանակին եւ անխափան”,-ասվում է հայտարարության մեջ: