Քաղաքապետարա՞նն է խճճվել, թե՞ մեզ է ուզում խճճել. Անահիտ Բախշյան
Սույն թվականի փետրվարի 20-ին ‘Ժառանգություն’ խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը Երեւանի քաղաքապետին էր դիմել` խնդրելով պաշտոնական պարզաբանումներ եւ տեղեկություններ տրամադրել Մաշտոցի այգու տարածքի նպատակային եւ գործառնական նշանակությունը փոխելու, Երեւանի գլխավոր հատակագծին համապատասխան` հանրային այգու տարածքում հողահատկացում կատարելու, դրա համար հիմք հանդիսացած իրավական ակտերի մասին:
Թեպետ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մարտի 2-ին տեղեկություններ էր տրամադրել այն սուբյեկտների վերաբերյալ, ում ‘հողահատկացում է կատարվել Մաշտոցի պողոտայի հ. 22/1 հասցեի զբոսայգում առեւտրի տաղավարներ տեղադրելու եւ սրճարան կառուցելու նպատակով’, այդուամենայնիվ չեն տրամադրվել պահանջված ակտերի հիմքերը եւ տեղեկությունների զգալի մասը:
Անբավարար համարելով քաղաքապետի պատասխանը` պատգամավոր Բախշյանը նոր հարցապնդում է կատարել Մաշտոցի պուրակում իրականացվող շինարարության վերաբերյալ` նամակում մասնավորապես խնդրելով.
‘ԱԺ կանոնակարգ’ ՀՀ օրենքի 7–րդ հոդվածի համաձայն` 10-օրյա ժամկետում տրամադրել հետեւյալ տեղեկությունները.
Ո՞ր թվականին, Երեւանի քաղաքապետի ո՞ր որոշմամբ, որքա՞ն ժամանակով եւ ո՞ւմ են տրվել Աբովյան փողոցի, մասնավորապես հ.21/3 հասցեում վարձակալությամբ տրամադրված հողամասի վրա գտնվող շինությունները:
Մաշտոցի պողոտայի զբոսայգում տարբեր տարիներին տրամադրված հողահատկացումների վերաբերյալ քաղաքապետերի որոշումները, որոնք թվարկված են Ձեր նամակում, ի՞նչ կապ ունեն Աբովյան փողոցի վրա, մասնավորապես հ.21/3 հասցեում վարձակալությամբ տրամադրված հողամասերի վրա գտնվող շինությունների տեղափոխման հետ¦:
Պատգամավոր Բախշյանը խնդրել է նաեւ տրամադրել Երեւանի քաղաքապետի` 2011թ. դեկտեմբերի 30-ի 7373-Ա որոշման տեքստն ամբողջությամբ, որն ունի հետեւյալ վերնագիրը. ‘Աբովյան փողոցի հ.21/3 հասցեում գտնվող վարձակալությամբ տրամադրված հողամասի վրա գտնվող շինությունները ապամոնտաժելու եւ 247,0 քմ մակերեսով հողամասը կառուցապատման իրավունքով ‘Արեւելյան օազիս’ ՍՊԸ-ին տրամադրելու մասին’, որի 3-րդ կետում գրված է. ‘Մաշտոցի պողոտայի հ. 22/1 հասցեի զբոսայգու Բուզանդի փողոցին հարող տարածքում գտնվող սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված /195.0քմ+52.0քմ/ 247.0 քմ մակերեսով հողամասը մինչեւ 2028 թվականի դեկտեմբերի 31-ը կառուցապատման իրավունքով տրամադրել ‘Արեւելյան Օազիս’ ՍՊԸ-ին’:
Henaran.am-ին տեղեկացնում են ‘Ժառանգություն’ կուսակցության մամլո գրասենյակից