“Տիտանիկի” կործանման պատճառը կարող էր լինել 1400 տարին մեկ կատարվող երեւույթը
Ամերիկացի աստղագետները զարմանալի եզրակացության են եկել: Պարզվում է, որ 1912-ի ապրիլի 15-ին խորտակված “Տիտանիկի” կործանման պատճառը հնարավոր է այն է եղել, որ Լուսինը նավի խորտակումից 3 ամիս առաջ գտնվել է Երկրից մինիմալ հեռավորության վրա: Նման բան լինում է 1400 տարին մեկ:
Դոնալդ Օլսոնը եւ Ռասել Դեշերը Տեքսասի համալսարանից, ինչպես նաեւ նրանց գործընկեր Ռոջեր Սինոտը` “Sky and Telescope” ամսագրի խմբագիրը, հրապարակել են իրենց համատեղ հետազոտության արդյունքները, ըստ որոնց 1912-ի հունվարի 4-ին տեղի ունեցած աստղաբանական երեւույթները եզակի են իրենց տեսակի մեջ: Նրանց խոսքով` Երկիրը, Լուսինը եւ Արեւը գտնվել են այնպիսի դիրքում, որ մեր մոլորակի արբանյակի ձգողական ազդեցությունը զգալիորեն ուժեղացած է եղել, հաղորդում է “РИА Новости”-ն:
Այս նոր թեորիան մեկն է այն բազմազան տարբերակներից, որոնք առաջարկվել են որպես “Տիտանիկի” կործանման պատճառ: Գիտնականները, պատմաբանները եւ ինժեներները մինչ այժմ չեն կարողանում համախմբվել մի տարբերակի շուրջ:
“Տիտանիկը” իր միակ ուղեւորությունն սկսել է 1912-ի ապրիլի 10-ին` Եվրոպայից ուղեւորվելով Ամերիկա: Ապրիլի 14-ին նավը հարվածել է մի մեծ այսբերգի եւ հաջորդ օրը խորտակվել: Ըստ տարբեր տվյալների` մահացել են 1400-1517 մարդ: