Հայ տղամարդիկ բարդույթավորված են հաճելի խոսքեր ասելու եւ ասպետ լինելու. Լիլիթ Գալստյան
“Ես բոլոր օրերն եմ սիրում, սիրում եմ կյանքը: Օրը սիրելի է իր բովանդակությամբ, գույնով: ժվար է մեր ծանր ժամանակներում յուրաքանչյուր օրը սիրելի դարձնել եւ քո ուզած բովանդակությամբ լցնել”,-ՀՅԴ-ական պատգամավոր Լիլիթ Գալստյանն է ասում, ով համոզված է, որ յուրաքանչյուր մարդ պետք է տոնն ինքն իր մեջ ստեղծի:
“Պետք է կարողանաս մի ջրբաժան դնել, որ քո հասարակական-քաղաքական, երբեմն` միջանձնային հարաբերությունները չխաթարեն քո տեսակն ու ներդաշնակությունը: Դժվար է ապրել մեր իրականության մեջ եւ պահել ներքին մաքրությունն ու տեսակը, երբ ամեն վայրկյան բախվում ես կեղծիքի հետ”:
Կին պատգամավորին այս ամենը հաջողվում է, հաջողվում է նաեւ տոնի զգացողություն ունենալ: Մարտի 8-ը Henaran.am-ի զրուցակիցը եւս մի հնարավորություն է համարում հայ տղամարդկանց համար` հաճելին մատուցելու սիրելիներին: “Հայ արական մշակույթի միջավայրում, երբ տղամարդիկ շատ հաճախ բարդույթավորված են հաճելի խոսքեր ասելու, ծաղիկներ ու նվերներ տալու, կոմպլեմենտար ու ջենտլմեն լինելու, ասպետ լինելու, տոնը դրդում է նրանց ազատվելու այդ կաշկանդանքների շղթայից”,-համոզված է Լիլիթ Գալստյանը:
Լիլիթ Գալստյանը նյութական մարդ չէ: Նրա համար կարեւոր է ոչ թե նվերի մեծությունը, այլ բովանդակությունը: “Ինձ կարող է ուրախացնել բացարձակապես ոչ նյութական բանը` հաճելի հայացքը, անկեղծ ժպիտը”,-ասում է նա ու հավելում, որ կյանքում ամենամեծ նվերը սիրված եւ գնահատված լինելն է, իսկ ճռճռան ծաղկեփնջերն ու օծանելիքները ոչինչ են, եթե սիրելիդ կողքիդ չէ:
“Նվերի չեմ սպասում, ինձ համար անկեղծությունը, պարկեշտությունն ու ազնվությունն են նվերներ, կուզենամ, որ դրանք իմ կյանքում միշտ ուղեկցեն ինձ եւ մեկ օրով պայմանավորված նվերներ չլինեն”:
“Սերն Աստվածն է”,-ասում է կին պատգամավորն ու հայ կանանց սեր, սեր ու էլի սեր է մաղթում.“Նյարդային, չոր, չհանդուրժելու ժամանակներ են, հաճախ սերը ավելի փափուկ է դարձնում այս ամենը”: