Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյան չէ. Պուտինի ընտրությունն ու Հայաստանը

ՌԴ նախագահ Վ. Պուտինի վերընտրությունը Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի դիտարկմամբ ՌԴ քաղաքականության մեջ որոշակի փոփոխություններ կբերի, թեւ շատ դեպքերում Մեդվեդեւին քաղաքականությունը թելադրվում էր Պուտինի կողմից :
Այս մասին այսօր փորձագետն ասաց լրագրողների հետ հանդիպմանը: “Նոր զարգացում կապրեն Եվրասիական միության գաղափարները: Ակնկալվում է, որ Պուտինը Հայաստանի վրա ավելի մեծ ճնշում կգործադրի այս միությանը միանալու համար”,-նշեց Ռիչարդ Կիրակոսյանը: Մյուս փոփոխությունը, նրա խոսքով, կլինի Ղարաբաղի հարցում:
“Կլինի ոչ թե քաղաքականության, այլ գործընթացի փոփոխություն: Մեդվեդեւը շատ ակտիվ էր նախագահների հանդիպումներում, նա կարող էր սեղմել նախագահներ Ալիեւի եւ Սարգսյանի ձեռքը, ժամերով սուրճ եւ թեյ խմել նրանց հետ: Մեդվեդեւի ոճը` շատ ժամանակ ծախսելը եւ իր անձնական կապիտալը ներդնելն էր այս պրոցեսում , բայց Պուտինը շատ ժամանակ չի զոհի այդ հանդիպումների վրա, նա ձեռքեր չի սեղմի, նրա ոճը կլինի ջարդել ձեռքերը եւ ճնշել եւ Հայաստանին, եւ Ադրբեջանին”,- նշեց բանախոսը:
Ռիչարդ Կիրակոսյանը միեւնույն ժամանակ շեշտեց, որ ՀՀ վրա այս տիպի ճնշումը չի գործի, որովհետեւ նախագահ Սարգսյանը Քոչարյան չէ. “Քոչարյանը ունի լավ անձնական հարաբերություններ Պուտինի հետ, Սարգսյանը ` ոչ: ՀՀ համար սա լավ է եւ նշանակում է, որ Պուտինի անձնական ճնշումը չի ազդի ՀՀ վրա, բայց Պուտինը ՄԽ շրջանակներում կվերցնի դիվանագիտական առջանայնությունը”: Ռիչարդ Կիրակոսյանի դիտարկմամբ, ՄԽ-ը` մասնավորապես, ԱՄՆ եւ Ֆրանսիան, ոգեւորված են ՌԴ-ին զիջելով նախաձեռնությունը:
Մյուս փոփոխությունը ՌԴ քաղաքականության մեջ, ըստ քաղաքագետի կլինի ՌԴ –Ադրբեջան հարաբերությունների խորացման միտումը զենքի վաճառքի եւ էներգետիկ համագործակցության առումով:
“Վերջին զարգացումը, որ տեսանելի է ԼՂ հարցում, վերաբերում է նրան, երբ որոշ մարդիկ Մոսկվայում, որոնք մոտ են Պուտինին, փորձում էին ճնշում գործադրել ՀՀ վրա ԼՂՀ անկախության ճանաչման հարցում որպես մի ձեւ, որ ՀՀ-ն ճանաչի Հարավային Օսեթիան եւ Աբխազիան եւ որպես մի ձեւ` ԼՂՀ վրա ՌԴ ազդեցության մեծացման: Բայց սա չի գործի եւ անիրատեսական է: ՌԴ-ն,ըստ փորձագետի, եթե ուզում է ճանաչել ԼՂՀ անկախությունը , թող ճանաչի, բայց Հայաստանին չպետք է ճնշի”,-նշեց Ռիչարդ Կիրակոսյանը:
Նա հավելեց, որ անկախ Պուտինի անհամբեր եւ հրամայական ոճից, առաջիկա 10-15 տարիներին մենք ԼՂ գործընթացի առումով փոփոխություն չպետք է ակնկալենք, որովհետեւ խնդիրը ոչ ԱՄՆ է, ոչ Ֆրանսիան, ոչ ՌԴ-ն, այլ ` Բաքուն:
“Նույնիսկ եթե Ադրբեջանն ամեն տարի ունենա Եվրատեսիլ , չի կարող ուժեղացնել իր դիրքերը: Ադրբեջանը որքան շատ է սպառնում պատերազմով, այնքան շատ շփոթմունք է ավելացնում հենց Ադրբեջանում”,-շարունակեց քաղաքագետն ու հավելեց, որ Պուտինի հրամայական տոնը չի աշխատի, որովհետեւ բանակցությունների սեղանին այսօր չկա որեւէ ներկայացուցիչ ԼՂՀ-ից: Սա, քաղաքագետի կարծիքով, ցույց է տալիս որ ՌԴ-ն այդքան էլ չի շտապում լուծել ԼՂ հարցը: