Փոփոխություններ հիփոթեքային վարկերի տրամադրման գործընթացում
![](https://henaran.am/wp-content/uploads/2023/11/987-1024x576-1024x576.jpg)
Կառավարությունն առաջարկում է ըստ մարզերի և ըստ տարիների աստիճանաբար կրճատել հիփոթեքային վարկի սպասարկմման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկիկկան անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման համակարգի կիրառության շրջանակը։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կառավարության հերթական նիստին համապատասխան նախագիծը ներկայացրեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«Նախագծով առաջարկվում սահմանել, որ 2027 թվականի հունվարի 1-ից հետո հիփոթեքային վարկերի մասով եկամտային հարկը չի վերադարձվում, եթե գույքը գտնվում է Երևան քաղաքին հարակից՝ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում, իսկ 2029 թվականի հունվարի 1-ից հետո՝ եթե գույքը գտնվում է այլ մարզերում»,- ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ սահմանափակումները չեն կիրառվելու սահմանամերձ բնակավայրերի նկատմամբ։
Հովհաննիսյանը հայտնեց նաև, որ 2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով հիփոթեքային վարկի վարկառուի և առկայության դեպքում համավարկառուների վերադարձման ենթակա եկամտային հարկի ընդհանուր գումարը յուրաքանչյուր եռամսյակի համար չի կարող գերազանցել 750 հազար դրամը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդրահարույց է համարել նախագծում առկա որոշ դրույթներ և առաջարկել է նախագիծը հանել օրակարգից, լրամշակել ու կրկին ներկայացնել կառավարության քննարկմանը։ Վարչապետի առաջարկն ընդունվեց, նախագիծը հանվեց նիստի օրակարգից։