24 Հոկտեմբերի, Saturday, 2020
KFC

Իշխանությունը պետք է հանրության հետ երկխոսություն սկսի, մեր քաղաքացիներին նախապատրաստի ճակատում ուրվագծվող տարբեր սցենարների․ Տիգրան Աբրահամյան

Tigran-Abrahamyan (1)

Tert.am-ը ներկայացնում է «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի հոդվածը, որում հեղինակը գրում է, որ իշխանությունը պետք է հանրության հետ երկխոսություն սկսի և քաղաքացիներին նախապատրաստի ճակատում ուրվագծվող տարբեր սցենարների։ Նրա խոսքով՝ նույնիսկ եթե կարճաժամկետ կտրվածքով ռազմական գործողությունները չվերսկսվեն, ներկա ռազմաքաղաքական իրադրության պայմաններում պետք է լավագույնս նախապատրաստվել հնարավոր հարվածին։ Հոդվածը կարդացեք ստորև։

Արդեն 2 ամիս է՝ Ադրբեջանն ու Թուրքիան գրեթե ամենօրյա ռեժիմով Հայաստանին սպառնում են պատերազմով և, ըստ էության, ֆիզիկական բնաջնջմամբ։ Եթե մինչև տավուշյան մարտական գործողությունները Ադրբեջանում դա հիմնականում արտահայտվում էր ռազմական հռետորաբանությամբ և սահմանային սադրանքներով, ապա այս փուլում դրանց ուղեկցում են պատերազմին հատուկ այլ միջոցառումներ և գործողություններ։

Այս փուլում Թուրքիայի ուղիղ միջամտությունն ու Ադրբեջանի հետ բոլոր ուղղություններով ներդաշնակ գործելը, Հայաստանի նկատմամբ կոշտ բառամթերքի կիրառումն ու սպառնալիքները լրիվ այլ մակարդակում են։

Ակնհայտորեն Ադրբեջանն ու Թուրքիան ռազմական պլանավորումների մեջ են, որը ներառում է երկու երկրների զինված ուժերի նախապատրաստումից (նաև ծայրահեղական զինյալների ներգրավվածություն), դիվանագիտական պրեսինգ, քարոզչական ու հոգեբանական գրոհներ, հասարակությունների պատերազմի պատրաստում և այլն։

Մեծ առումով թուրք-ադրբեջանական գերակտիվացումը երկու հիմնական նպատակ ունի։

Առաջին՝ Արցախի հարցի ռազմական ճանապարհով կարգավորմանն ուղղված նախապատրաստվածություն։

Երկրորդ՝ ճնշումների, սպառնալիքների միջոցով փոխզիջման, զիջման հասնելու խնդիր։

Ընդ որում՝ երկրորդ տարբերակի դեպքում էլ ռազմական գործողությունների վերսկսումը բավականին մեծ է։

Նկատելի է, որ այս ճանապարհին Թուրքիան և Ադրբեջանը մեծ ջանքեր են գործադրում Հայաստանին և Արցախին ագրեսորի թիկնոց հագցնելու և իրենց հետագա ագրեսիան միջազգային հանրության համար առավել ընկալելի դարձնելու համար։

Այս փուլում Հայաստանից, Արցախից հնչող ցանկացած հայտարարություն պետք է լինի առավելագույնս հավասարակշռված, կշռադատված, որովհետև պատերազմը զուտ մարտական գործողությունների փուլ չէ, այն ներառում է պատերազմ դիվանագիտական, տնտեսական, քարոզչական մակարդակներում և լիակատար հաղթանակը կախված է այս բոլոր բաղադրիչների առավելության հաստատմամբ։

Երբ խոսում ենք կշռադատվածության մասին, դա բնավ չի նշանակում, որ չպետք է արձագանքել կամ կոշտացնել հայտարարությունները, դա նշանակում է, որ պետք է հասկանալ, որ հատկապես այս փուլում միջազգային հանրության համար ընկալելի լինելու խնդիրն առավել սուր է դրված և բոլոր քայլերն ու գործողությունները պետք է իրականացնել այդ տրամաբանության ներքո։

Եթե նույնիսկ անհրաժեշտություն կա առաջին հարվածը հասցնելու և մեկնարկն ապահովելու համար, այդ գործողությունները պետք է ապահովվեն անհրաժեշտ դիվանագիտական, քաղաքական, քարոզչական բաղադրիչով։

Ի՞նչ քայլեր է իրականացնում մեր երկիրը ռազմական գործողությունների նախապատրաստելու ուղղությամբ։ Արդյո՞ք նման քայլեր առհասարակ նկատելի են։

Պաշտպանության նախարարի հայտարարությունները, հանդիպումները տարբեր երկրների դիվանագիտական ներկայացուցիչների հետ, հնչեցվող մեսիջները փաստում են, որ Պաշտպանության նախարարությունում այդ գիտակցումը լիարժեքորեն կա և այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են։

Տավուշում տեղի ունեցած իրադարձություններից հետո, երբ շատերին թվում էր, որ պատերազմն ավարտված է, թշնամին՝ վերջնականապես ջախջախված, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը նախ հանդես եկավ ռազմակոչով, որում բավականին հստակ արձանագրված էր անվտանգության հետ կապված մեր գլխավոր խնդիրը՝ «Ադրբեջանը, ոգեշնչվելով մեր թշնամիների բազմակողմանի աջակցությունից, չի կարողանում հաշտվել Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելքում իր կողմից սադրած մարտական գործողություններում ջախջախիչ պարտություն կրելու հանգամանքի հետ և սպառնում է մեզ լայնածավալ պատերազմով»:

Նույնիսկ Հայաստանի անկախության 29-րդ տարեդարձի իր ուղերձում ԳՇ պետն առավել կարճ արձանագրեց իր պատկերացումները առաջիկա զարգացումներում զինված ուժերի գլխավոր սկզբունքի մասին` «Հայաստանի և Արցախի ամեն սանտիմետրը մեզ համար հայրենիք է՝ սկսած մեր տնից, մինչև սահմանին տեղակայված դիրքեր, և մենք շարունակելու ենք ամուր ու անսասան կանգնած մնալ՝ երբեք թույլ չտալով, որ հայրենի հողը տատանվի հայի ոտքի տակ»։

Սակայն ինչպես արդեն ասացի, պատերազմի նախապատրաստվելը կամ թշնամուն հակազդելը միայն զինված ուժերով չի կարող սահմանափակվել։

Կառավարման համակարգը պետք է նախապատրաստել պատերազմական գործողություններին՝ առանց սպասելու, թե Թուրքիան կամ Ադրբեջանը որ ճակատից, որ պահին կամ երբ կհարվածեն։ Ցանկացած ժամը, օրը, շաբաթն այսօր մեծ կարևորություն ունի, պետք է գործել շատ արագ։

Ամենակարևորը՝ իշխանությունը պետք է հանրության հետ երկխոսություն սկսի, մեր քաղաքացիներին նախապատրաստի ճակատում ուրվագծվող տարբեր սցենարների։

Կրկնում եմ՝ միգուցե կարճաժամկետ կտրվածքով ռազմական գործողությունները չվերսկսվեն, սակայն ներկա ռազմաքաղաքական իրադրության պայմաններում պետք է լավագույնս նախապատրաստվել հնարավոր հարվածին, էլ չեմ ասում, որ պատերազմին պատրաստ լինելն ու անհրաժեշտ միջոցառումների իրականացումը նաև կանխարգելիչ բնույթ ունի։

Իշխանությունը հապաղելու իրավունք ուղղակի չունի, հակառակ դեպքում հետևանքները կարող են անդառնալի լինել։ Պետք է օր առաջ անհրաժեշտ մեխանիզմները գործարկել և իր հիմնական անելիքները կառուցելիս կենտրոնում ունենալ թուրք-ադրբեջանական տանդեմի դաշտ նետած սպառնալիքները։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ